Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը France 24-ի եթերում քննադատել է Ռեջեփ Էրդողանին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գալիպոլիի ճակատամարտի հիշատակումը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողությանը հարմարեցնելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի ընդունած որոշումն անվանել է «ժխտողականության ցինիկ դրսևորում»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով France 24-ի կայքը, Հայաստանի Հանրապետության նախագահը, մասնավորապես, ասել է. - «Ցավոք, մենք կրկին ականատեսն ենք լինում ժխտողականության, ներողություն բառիս համար, ցինիկ դրսևորման: Գալիպոլիի ճակատամարտը չի սկսվել ապրիլի 24-ին, և ոչ էլ ավարտվել է ապրիլի 24-ին, դա ակնհայտ է: Սա մի կողմից վիրավորանք է իր մեջ պարունակում, մյուս կողմից փորձ է խանգարել ապրիլի 24-ի միջոցառումներին»:

«Մեր նպատակն էր ոգեկոչել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը թուրք ժողովրդի հետ միասին», - ասել է Սարգսյանը, նշելով, որ դա է եղել Թուրքիայի նախագահին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը հրավիրելու պատճառը:

Ֆրանսիական հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ ապրիլի 24 Երևանում անցկացվելիք արարողություններին ներկա կլինեն մի շարք համաշխարհային առաջնորդներ, այդ թվում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG