Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի տեղակալը խոստացավ հետամուտ լինել նաիրիտցիների աշխատավարձերի խնդրին


Օմբուդսմենի տեղակալը խոստացավ հետամուտ լինել նաիրիտցիների աշխատավարձերի խնդրին
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00

Ավելի քան մեկ տարվա աշխատավարձը ստանալու պահանջով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի մոտ։ Օրերս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել էր գործարանի ներկայացուցիչների հետ, սակայն, հանդիպումից նաիրիտցիները դժգոհ էին մնացել: Նա նշել էր, որԱՊՀ Միջպետական բանկի հետ բանակցություններ են ընթանում, նաև տեղեկացրել, որ գործարանի պարտքը վճարելու համար փորձում են վաճառել արտադրամասերից մեկի գույքը:

«Կարային ասեին, որ էսքան ժամանակից կտանք, բայց չեն ասում, դա նշանակում է, որ իրենք էլ հույս չունեն տալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:

«Պարզապես մեկ անգամ ևս ասաց, որ ինքը ժամկետ նշել չի կարող։ Մենք դիմեցինք նույնիսկ խնդրանքով, որ մեկ ամսվա աշխատավարձ, որովհետև գիտեք կոմունալ վճարները, սոցիալական այլ պրոբլեմներ․․․ Ընդհանրապես մարդ առանց փողի կարծես թե ապրել չի կարող։ Մերժվեցինք, որովհետև պատճառաբանությունն էր, թե համակարգում փող չկա», - նշեց գործարանի աշխատակից Անուշ Հարությունյանը:

Մի քանի ժամ շարունակված բողոքի ցույցից հետո գործարանի աշխատողները շարժվեցին դեպի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այստեղ նրանց խմբին ընդունեց պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը։ Նաիրիտցիների այն հարցին, թե օմբուսմենն ինչո՞ւ է անտարբեր, երբ ակնհայտ ձևով իրենց իրավունքը խախտվում է, նա պատասխանեց, որ լրատվամիջոցներով իրենք խնդրին միշտ էլ հետևել են, բայց չեն միջամտել, քանի որ գործարանի աշխատողների կողմից դիմումներ չեն ստացել։

«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դուք գիտեք, որ սահմանափակ են, կոնկրետ աշխատավարձերի հետ կապված, աշխատավարձերի բռնագանձումների վերաբերյալ դատական ակտերով է իրականացվում», - նշեց մարդու իրավունքների պաշտպանը։

Նաիրիտցիները պատասխանեցին, որ դատարանի շուրջ մեկ տասնյակ որոշումներն իրենց ձեռքին են, բայց գումար, միևնույնն է, չեն ստացել։ Բացի այդ, մտավախություն ունեն, որ եթե բոլորը դատարան դիմեն, հնարավոր է, որ գործարանը լուծարելու պահանջ դրվի և մարվի միայն վերջին վեց ամիսների աշխատավարձը։

«Դիմեք նախագահին, եթե չէ, ուրեմն ընտանիքներով, թոռներով ես ասում եմ գնանք դեսպանատներ, խայտառակ լինենք։ Իմ երեխան սոված է, ես չեմ կարա սպասեմ», - ասաց նաիրիտցիներից մեկը։

«Էսօրվա վիճակով մեր ոչ մի իրավունք չի պաշտպանվում, ընդհանրապես։ Մենք ոչ իրավունք ունենք աշխատելու, ոչ իրավունք ունենք ապրելու։ Դուք ասում եք մենք ձեզ չենք կարողանում օգնենք, դե կներեք, ինչի համար ա ընդհանուր առմամբ ես բանը պետք», - բողոքեց մեկ ուրիշ աշխատակից։

Քննարկման ավարտին մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը խոստացավ, որ իրենք կդիմեն պատկան մարմիններին, որպեսզի պարզեն, թե գործարանի աշխատողներին ինչու պարտքի մարման ժամանակացույց չի տրամադրվում։ Նաիրիտցիները խոստացան պայքարը շարունակել և կրկին բողոքի ցույց անցկացնել առաջիկա երեքշաբթի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG