Մատչելիության հղումներ

«Դեմ եմ»-ը կոչ է անում ՍԴ-ին՝ կենսաթոշակայինի լսումներն անցկացնել բանավոր ընթացակարգով


«Դեմ եմ» շարժման ակցիան Ազատության հրապարակում, արխիվ
«Դեմ եմ» շարժման ակցիան Ազատության հրապարակում, արխիվ

Ակտիվիստների խոսքով, միայն այս դեպքում հասարակությունը վստահություն կունենա դատավարության արդյունքների նկատմամբ:

Պարտադիր կուտակային կեսաթոշակային պահումների դեմ պայքարող «Դեմ եմ» շարժումը կոչ է արել Սահմանադրական դատարանին «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքում տեղ գտած փոփոխությունների գործով դատաքննությունն իրականացնել բանավոր, այլ ոչ թե գրավոր ընթացակարգով:

Համաձայն Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման՝ օրենքը վիճարկվելու է մարտի 31-ին՝ գրավոր ընթացակարգով: «Դեմ եմ»-ը շեշտում է, որ գործը հանրային հնչեղություն ունի, և գործընթացի մատչելիությունն ու թափանցիկությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որ այն քննվի բանավոր ընթացակարգով:

«Ազատության» հետ զրույցում շարժման անդամ Դավիթ Խաժակյանն ասաց՝ միայն այս դեպքում հասարակությունը վստահություն կունենա դատավարության արդյունքների նկատմամբ:

«Կվստահի՞ արդյոք հասարակությունը, կվստահե՞նք արդյոք մենք այդ որոշմանը, որը կկայացվի։ Ես կարծում եմ՝ գլխավորապես կախված կլինի գործի թափանցիկությունից: Սա է կարևորը, որովհետև նախորդ որոշումը, ըստ էության, ամբողջությամբ պարտադիր բաղադրիչը և տարիքային խտրականությունը հակասահմանադրական ճանաչվեց, այլ հարց է, որ դա չարեց Կառավարությունը և այլ հարց է, որ հիմա Սահմանադրական դատարանը պետք է հետևողական լինի այդ հարցի նկատմամբ», - ասաց Խաժակյանը։

«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի մի շարք հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու նպատակով դեռ անցած տարի Ազգային ժողովի 34 պատգամավորներ դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել: Երբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ, «Դեմ եմ» շարժումը դատավարութան ամբողջ ընթացքում հենց շենքի դիմաց բողոքի ակցիաներ էր անցկացնում:

Հարցին, թե արդյո՞ք այս անգամ ևս քաղաքացիական այս շարժումը մարտի 31-ին կանգնած կլինի Սահմանադրական դատարանի շենքի դիմաց, Դավիթ Խաժակյանը դժվարացավ պատասխանլ։ Նա նշեց, որ այն պահից, երբ մասնավոր սեկտորի աշխատակիցները մինչև 2017 թվականը ազատվեցին պարտադիր վճարներից, փողոց դուրս եկողների թիվը կտրուկ նվազեց:

«Բայց ակտիվություն կա իրոք՝ առկախված հարցերի տեսքով, որովհետև մարդիկ ասում են, ի վերջո, ի՞նչ եղավ պարտադիրը, որովհետև 2017 թվին մենք ստիպված ենք լինելու մուծել, ամեն դեպքում, քանի դեռ չկա պարտադիր վճար, չի լինի նաև ուշադրությունը որպես այդպիսին», - ասաց Խաժակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG