Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «ամեն ինչ անելու է՝ Սահմանադրությունը բռնապետական ոտնձգություններից պաշտպանելու համար»


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարում է, որ ամեն ինչ անելու է՝ «երկրի Սահմանադրությունը բռնապետական ոտնձգություններից պաշտպանելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, խաթարված սահմանադրական կարգը վերականգնելու համար»։

«Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում հասարակությանը, հասարակական բոլոր շերտերին և խավերին՝ համախմբվել և դիմագրավել երկրում բռնապետության հաստատման անթաքույց փորձին՝ սահմանադրական հանրաքվեն վերածելով Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու և գործող ռեժիմին իշխանությունից հեռացնելու համազգային գործընթացի»,- ասված է ՀԱԿ-ի այսօր տարածած հայտարարությունում։

Ըստ ընդդիմադիր կուսակցության՝գործող Սահմանադրությունից հրաժարվելու և կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հետապնդում է մեկ նպատակ՝ վերացնել անձնական փաստական իշխանության երկարաձգման սահմանադրական արգելքը։

Համաձայն ՀԱԿ-ի հայտարարության՝ այս նպատակին հասնելու համար Սերժ Սարգսյանը փետրվարի12-ից սկսած պետական ահաբեկչական գործողություններ է ծավալել ընդդիմության նկատմամբ, մասնավորապես, «քաղաքական գործիչներից ոմանց պարզապես արգելվել է զբաղվել քաղաքականությամբ, ամենաբարձր մակարդակով իրավապահ և հարկային մարմիններին հանձնարարություն է տրվել հաշվեհարդար տեսնելու կոնկրետ քաղաքական ուժի և նրա ղեկավարի նկատմամբ, ապօրինաբար արգելվել է հանրահավաքային շարքի մեկնարկային հանրահավաքը՝ ձախողելով նաև հաջորդները, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Կենտրոն» հեռուստատեսությանը պարտադրվել է նախագահական աշխատակազմի վերահսկողությունը»։

«Մարտի 12-ին, սահմանադրության փոփոխության իր տխրահռչակ նախաձեռնության առիթով, Սերժ Սարգսյանը կազմակերպեց այսպես կոչված, քաղաքական ուժերի «լայն կոնսոլիդացիայի» մի ներկայացում՝ չխորշելով դրանում ներգրավել ինչպես իր իսկ կողմից ծանր հարվածներ կրած քաղաքական ուժերի, այնպես էլ՝ մեկ անհատով, միայն սեփական անձը ներկայացնող «կուսակցությունների»: Քաղաքական ուժերի «լայն կոնսոլիդացիա» ներկայացված իմիտացիոն այս շոուի նպատակը Սահմանադրության փոփոխման գաղափարի շուրջ հանրային հավանության պատրանք ստեղծելն էր»,- հայտարարում է ՀԱԿ-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG