Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերն, իր հերթին, ասել է, որ Եվրոպական ներդրումային բանկը շահագրգռված է ավելացնելու իր գործունեության ծավալները և մակարդակը Հայաստանում: Նա նշել է, որ բանկը պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ընդլայնելու փոխգործակցությունը ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում:
Երկուստեք կարևորվել է նաև ԵՆԲ-ի ներդրումը բազմաբանկային (ՎԶԵԲ, ԱԶԲ, KfW, ԵՄ-ի հարևանության ներդրումային հիմնադրամ) համաֆինանսավորման ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: