Վրաստանի Զուգդիդի քաղաքում գտնվող ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության տարածքային գրասենյակի մոտ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ սկիզբ առած բախումներում մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:
Իշխող կուսակցության տասնյակ աջակիցներ ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունն հայտնելով Թբիլիսիում մարտի 21-ին հանրահավաք անցկացնելու՝ Միացյալ ազգային շարժման ծրագրերի կապակցությամբ:
Բախումները սկսվել են այն ժամանակ, երբ իշխանամետ ակտիվիստները, նրանցից ոմանք՝ փայտե ձողերով, կոտրել են ընդդիմադիր կուսակցության գրասենյակի դռներն ու ներս խուժել:
Վնասվածքներ ստացածների թվում առնվազն մեկ ոստիկան կա:
Ընդդիմադիր պատգամավորները դատապարտել են տեղի ունեցածը և վերահաստատել են հանրահավաք անցկացնելու իրենց մտադրությունը:
Իշխող կուսակցության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, պնդելով, թե բախումները տեղի են ունեցել ընդդիմադիրների սադրանքի հետևանքով և կոչ են արել առաջիկայում «զերծ մնալ նման գործելաոճից»: