Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներում ակտիվորեն ներգրավել քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի անդամներին:
«Ամեն տարի ծառերի էտման աշխատանքների մեկնարկի հետ հնչում են իրարամերժ կարծիքներ, ինչը նաև ապատեղեկատվության տեսքով մատուցվում է հանրությանը», - Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Մարգարյանը՝ և դրանից խուսափելու նպատակով հանձնարարել է՝ մինչև աշխատանքների մեկնարկը Երևանի քաղաքապետին կից գործող քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի անդամ, անկախ մասնագետների ներգրավմամբ հանրությանը տեղեկացնել ծառերի երիտասարդացման աշխատանքների մասին:
Ծառերի սանիտարական էտի հետ կապված զեկուցվել է, որ մինչ օրս էտվել և ձևավորվել է շուրջ 7 հազար ծառ: Աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը: