Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մարտական պատրաստվածության բերել Հյուսիսային նավատորմը, ինչպես նաև Արևմտյան ռազմական օկրուգի որոշ ստորաբաժանումներ և օդային հետևակը՝ ստուգումների նպատակով, մարտի 16-ին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում տալով պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
Ընդհանուր առմամբ՝ մարտական պատրաստվածության է բերվելու 38 հազար զինծառայող, 3360 միավոր զինտեխնիկա, 41 նավ, 15 սուզանավ, 110 ինքնաթիռ և ուղղաթիռ:
Ստուգումները սկսվել են Մոսկվայի ժամանակով առավոտյան 8-ին:
Շոյգուի խոսքերով, զինված ուժերի անսպասելի ստուգումները կշարունակվեն 5 օր:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուսումնական զորավարժություններ են սկսվել նաև Ստավրոպոլի երկրամասում, որին կմասնակցի ավելի քան 500 զինծառայող:
10 օր առաջ՝ մարտի 5-ին լայնամասշտաբ զորավարժություններ էին մեկնարկել Ռուսաստանի հարավում, Ղրիմում, ինչպես նաև Աբխազիայում և Հյուսիսային Օսիայում: Այդ զորավարժությանը մասնակցել է ավելի քան 2,000 զինծառայող, շուրջ 500 միավոր ծանր զինտեխնիկա: Զորավարժությունների նպատակն էր հզորացնել հակաօդային պաշտպանության պատրաստվածության մակարդակը: