Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ պետք է բանակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Սիրիայի քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար: Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն ուղիներ է որոնում՝ ստիպելու, որ Ասադը գնա բանակցությունների:
CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քերին ասել է․- «Ի վերջո՝ մենք ստիպված ենք լինելու բանակցել: Բանակցությունները կարևոր են, բոլորը համաձայն են, որ ռազմական լուծում չի կարող լինել: Հնարավոր է միայն քաղաքական կարգավորում»:
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարը, առանց մանրամասներ հայտնելու, ասել է, որ հիմա աշխատանքներ են ընթանում Ասադին բանակցությունների բերելու նպատակով: Քերիի խոսքով, այդ նպատակով կուժեղանան նաև իրենց դաշնակիցների և մյուսների ճնշումներ Ասադի վրա:
«Ռոյթերս»-ը նկատում է, որ Ջոն Քերին չի կրկնել Վաշինգտոնի ստանդարտ ձևակերպումները, թե Ասադը կորցրել է լեգիտիմությունը կամ նա պետք է հեռանա: Վաշինգտոնը երկար ժամանակ պնդում էր, որ Ասադը իշխանությունը պետք է հանձնի բանակցությունների միջոցով, քաղաքական անցումային շրջանի մարտավարությամբ: Սակայն ի դեմս իսլամիստ ծայրահեղական խմբավորումների, նոր ընդհանուր թշնամի առաջացավ, և ինչպես երևում է, Արևմուտքի վերաբերմունքը Ասադի նկատմամբ մեղմացել է:
Կիրակի հեռարձակված հարցազրույցում, ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Միացյալ Նահանգները միշտ ձգտել է բանակցությունների: Ինչպես և նախատեսվում էր 2012-ին Ժնևում սկսված հանդիպումը՝ «Ժնև-1» գործընթացը, նպատակ ուներ անցումային շրջանի համար հնարավորություններ բացել, բայց երկու փուլից հետո Ժնևյան բանակցությունները տապալվեցին և այլևս չվերականգնվեցին: Քերիի ասելով՝ Բաշար ալ-Ասադը հրաժարվեց բանակցություններից:
Սիրիայում 4 տարվա հակամարտության արդյունքում մոտավորապես 220 հազար մարդ է սպանվել: Երկրի բնակչության մեկ երրորդը տեղահանվել է քաղաքացիական պատերազմի արդյունքում նաև իսլամիստ ծայրահեղական խմբավորումները միավորվեցին և «Իսլամական պետություն»՝ խալիֆաթ, հռչակեցին: Նրանց վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի և հարևան Իրաքի տարածքների մեկ երրորդը:
Ասադի հետ բանակցությունների գնալու մասին Ջոն Քերին CBS հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Եգիպտոսում՝ մինչ Լոզան մեկնելը, որտեղ մեկնարկում է Իրանի հետ բանակցությունների նոր փուլը: