Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հանդիպեց Եգիպտոսի նախագահի հետ


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եգիպտոս աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները բարձր են գնահատել հայ - եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և քննարկել տնտեսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք նշվել է, որ առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Տնտեսական կապերն ակտիվացնելու գործում կողմերը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, տնտեսական համաժողովների անցկացումը, երկու երկրների գործարար շրջանակների կապերի սերտացումը: Նրանք հեռանկարային են համարել գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը:

Ալ-Սիսին բարձր է գնահատել Եգիպտոսի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում և նշել, որ այն լավ կամուրջ է հայ - եգիպտական կապերի ընդլայնման և խորացման գործում:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է արաբական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը: «Այս առումով Եգիպտոսն առանձնահատուկ տեղ է գրավում, քանզի հայ և եգիպտացի ժողովուրդների՝ վաղ ժամանակներից սկիզբ առած հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և վերածվել ամուր բարեկամության», - ասել է նա:

Վարչապետը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և նշել, որ Հայաստանն ակնկալում է Եգիպտոսի բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը ապրիլի 24-ին Երևանում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG