«Մենք կնախընտրեինք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սլովենական Dnevnik օրաթերթին տված հարցազրույցում:
«Մենք չենք խնդրում մեր բարեկամ երկրներին, գործընկերներ պետություններին Հայաստանի համար ինչ-որ բան անել` ընդդեմ ուրիշների: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով մեր ակնկալիքը մի կողմին աջակցելը չէ՝ ընդդեմ մյուսի, այլ՝ միջազգային հանրության մոտեցումը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված դիրքորոշմանը սատարելն է: Իսկ Ռուսաստանը երեք համանախագահներից մեկն է», - շեշտել է Նալբանդյանը՝ հավելելով․ - «Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը արտահայտվել է այդ երկրների Նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում»:
«Մեր դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին: Մենք ողջունել ենք համանախագահ երկրների հինգ հայտարարությունները և նշել, որ պատրաստ ենք գնալու կարգավորման՝ նրանց կողմից առաջարկված՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների և տարրերի հիման վրա», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Հարցին, թե որքան լավ դաշնակից է Ռուսաստանը Հայաստանի համար, Նալբանդյանը պատասխանել է․ - «Դաշնակից բառը շատ խոսուն է, այն իր մեջ խորը իմաստ է պարունակում, նշանակում է ավելին, քան զուտ լավ, բարեկամական հարաբերություններ: Ռուսաստանի հետ մենք ունենք շատ ամուր պատմական կապեր: Մեր բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը»: