Այսուհետ, ԵՏՄ անդամ պետությունների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների իրականացման համար չի պահանջվի մուտքի-ելքի, տարանցիկ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից՝ մեկանգամյա թույլտվություններ, տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը՝ հավելելով, որ արդեն իրականացվում է ինտեգրացիոն գործընթաց՝ դյուրացնելու հայ բեռնափոխադրողների աշխատանքը Մաքսային միության տարածքում:
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ հայկական փոխադրողից թույլտվություն կպահանջվի միայն ոչ անդամ երկրից Մաքսային միության անդամ երկիր և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելիս:
«Հայաստանի բեռնափոխադրողներին 2016 թվականի հունվարի 1-ից հնարավորություն կընձեռվի իրականացնելու մինչ այժմ արգելված «Կաբոտաժային» փոխադրումներ, ինչն իրենից ներկայացնում է այլ պետությունում հաշվառված տրանսպորտային
միջոցի կողմից մեկ այլ պետության տարածքում գտնվող երկու կետերի միջև իրականացվող ներքին փոխադրումներ: Նման փոխադրումների ներդրման գործընթացը տեղի է ունենալու 4 փուլով, մինչև 2025 թվականը, առավել կդյուրացվի և հնարավորություն կտրվի «Կաբոտաժային» փոխադրումներ իրականացնել ԵՏՄ անդամ պետությունների ամբողջ տարածքով», - ասված է հաղորդագրությունում։
«Հայաստանի միջազգային փոխադրողների» ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի խոսքով, վերջիններս արտահանում կատարելուց հետո, ետդարձի ճանապարհին ևս մեկ բեռնափոխադրում կկարողանան կատարել ԵՏՄ անդամ երկրի ներսում, որը հավելյալ ֆինանսական հոսքեր կապահովի ընկերություններին։
Նա նաև նշել է, որ ԵՏՄ անդամակցությունից հետո բեռնափոխադրողները ձերբազատվել են մի շարք ավելորդ թղթաբանություններից և մաքսային ձևակերպումներից, ինչը դյուրացրել է ամբողջ գործընթացը։
«Թվարկված միջոցառումների իրականացումը միտված է ԵՏՄ անդամ պետությունների միջև ձևավորելու միասնական շուկա», - ասված է նախարարության հաղորդագրությունում։