Ուրուգվայի գործադիր իշխանությունը որոշել է համերգ ձոնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգին, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ի երեկոյան երկրի գլխավոր համերգասրահում՝ Մոնտեվիդեոյի Ազգային աուդիտորիումում, մասնակցելու են Ուրուգվայի սիմֆոնիկ նվագախումբն ու պետական երգչախումբը: Ակնկալվում է շուրջ 2 հազար ունկնդիրների ներկայությունը:
Համերգի դիրիժոր է նշանակվել ուրուգվայահայ տաղանդավոր երաժիշտ Ալվարո Հակոբյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մաեստրոն որպես աննախադեպ իրադարձություն գնահատեց առաջիկա համերգը: Ներկայացվելու են հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ից ու «Գայանե»-ից, ինչպես նաև Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից:
Նախատեսված է նաև, որ Ուրուգվայի պետական երգչախումբը հայերենով կկատարի «Էրեբունի-Երևան» և «Հայրենիքիս հետ» երգերը:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո, «Ազատություն» ռադիոկայանի համար