Մատչելիության հղումներ

Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները նվազել են


Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները նվազել են
please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00

Այս տարվա հունվարին կտրուկ նվազել են Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները:

Կենտրոնական բանկի տվյալներով, 2015 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ Հայաստան եկող ընդհանուր տրանսֆերտները կրճատվել են 41․08 տոկոսով (2015 թվականի հունվարին կազմել է 72 միլիոն 169 հազար ԱՄՆ դոլար, 2014 թվականի հունվարին 122 միլիոն 506 հազար էր), իսկ Ռուսաստանից՝ 56.01 տոկոսով (2015 թվականի հունվարին՝ 38 միլիոն 371 հազար ԱՄՆ դոլար, 2014 թվականի հունվարին՝ 87 միլիոն 243 հազար):

Գաղտնիք չէ, որ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են կազմում Հայաստան եկող արտարժույթի ամենամեծ հոսքը: Օրինակ, եթե 2014 թվականին Հայաստանից ողջ արտահանումը 1 միլիարդ 519 միլիոն դոլար էր, ապա տրանսֆերտները կազմել են 2 միլիարդ 123 միլիոն, և սա այն դեպքում, երբ անցած տարի 2013-ի համեմատ տրանսֆերտներն արդեն իսկ կրճատվել էին 7.7 տոկոսով:

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի խոսքով, այս տարի սպասվող տնտեսական համեստ ցուցանիշների ու դրամական փոխանցումների նման կրճատման արդյունքում Հայաստանում աղքատությունն ավելանալու է:

«Խիստ ակնհայտ է՝ Հայաստանի արտահանման հիմնական ապրանքը աշխատուժն է, որ ամեն տարի մենք արտահանում էինք Ռուսաստան և էնտեղից ստանում դրա դիմաց որոշակի քանակությամբ տարադրամային փոխհատուցում: Էդ միանգամից կաղքատացնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արա Գալոյանը:

Տնտեսագետը շարունակեց, որ իրավիճակը կսրվի նաև մի քանի այլ գործոններով պայմանավորված․ - «Տնտեսական նոր միությանն անդամ դառնալուց հետո պարզվեց, որ ռուսները փակում են մեր աշխատուժի առաջ շուկան, պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ այս տարի Հայաստանից ավելի քիչ մարդ արտագնա աշխատանքի կմեկնի Ռուսաստան»:

Ըստ Գալոյանի, հաջորդ բացասական գործոնն այն է, որ անցած տարվա վերջին ռուսական ռուբլին ավելի շատ արժեզրկվեց, քան հայկական դրամը:

«Դրա բացասական արդյունքը այն եղավ, որ Ռուսաստան արտահանվող ապրանքները թանկացան: Արդեն գինեգործների հայտարարությունները կան, որ մեր գինին, կոնյակը ռուսական շուկայում նկատելի թանկացել են և շատ վատ են իրացվում: Այսինքն, նույնիսկ էն ավանդական արտահանումները, որոնք կատարվում էին Ռուսաստան, խնդիր կունենանք էդ հարցում», - ասաց Արա Գալոյանը:

Կենտրոնական բանկի՝ անցած ամիս հրապարակված զեկույցի համաձայն, այս տարի Հայաստանի տնտեսական աճը կարող է Կառավարության նախատեսածից պակաս լինել ավելի քան 10 անգամ: Եթե կառավարությունը պետբյուջեով ծրագրել է այս տարի ապահովել 4.1 տոկոս աճ, ապա բանկի կանխատեսմամբ՝ 2015-ին տնտեսական աճը կարող է լինել 0.4-2 տոկոս: Ընդ որում, Արթուր Ջավադյանի գլխավորած կառույցը սպասում է, որ այս տարի մասնավոր տրանսֆերտների հոսքը կկրճատվի 30 տոկոսով:

Օրերս, «Ազատության» հետ զրույցում տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը ասաց, որ Կենտրոնական բանկի տվյալները անգամ կարող են «բավականին լավատեսական լինել»:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի այս հունվարին հրապարակված կանխատեսման համաձայն, 2015 թվականին Հայաստանը կունենա 0 տոկոս տնտեսական աճ, այլ կերպ ասած՝ տնտեսական աճ չի լինի:

«Իսկապես Հայաստանը գտնվում է ճգնաժամի մեջ և մենք 0 տոկոս էլ չենք կարող ունենալ: Ես անցյալ տարի էլ էի ասում՝ եթե մենք կարողանանք 0 տոկոս ունենանք, պետք է գոհ և շնորհակալ լինենք, որովհետև այն, ինչ որ տեղի է ունենում Հայաստանում տնտեսական առումով, որևիցե դրական, խոստումնալից բան չկա», - ասացՎահագն Խաչատրյանը:

Անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, ընդգծելով, որ այս տարվա համար կառավարության ակնկալած 4.1 տոկոս տնտեսական աճն իրատեսական չէ, նաև կարծիք հայտնեց, որ մարտին Հայաստանի իշխանությունները կվերանայեն այդ ցուցանիշը։

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը մինչդեռ վստահեցրեց, որ Կառավարությունը չի պատրաստվում վերանայել տնտեսական աճի հետ կապված ծրագրերը:

«Ինչ վերաբերում է մեր կողմից մշակված պետական բյուջեի նախագծին, որտեղ ձեր ասած ցուցանիշներն են ամրագրված, ես կարծում եմ դրանք իրատեսական են», - նշեց Գագիկ Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG