Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակով:
APA գործակալության մոսկովյան թղթակցի հաղորդմամբ, այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Դիվանագետը նշել է, որ վերջերս շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը անընդհատ խախտվում է:
«Մարտի 1-ի դրությամբ մեր ունեցած վերջին տեղեկության համաձայն հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է հերթական անգամ: Ցավոք սրտի, կորուստներ կան: Երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը շփման գծում դիտարկում է իրականացրել: Այդ կապակցությամբ նա հատուկ զեկույց կպատրաստի», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Լուկաշևիչը կողմերին կոչ է արել զերծ մնալ բոլոր քայլերից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել․ - «Մենք հորդորում ենք կողմերին հավատարիմ մնալ խնդրի խաղաղ կարգավորմանը»: