Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի. Գալուստ Սահակյան


Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի. Գալուստ Սահակյան
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

Սահակյանի խոսքով, հանրաքվեն հավանաբար տեղի կունենա այս աշնանը կամ 2016-ի գարնանը:

Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Սահակյան․ - «Հայեցակարգը բաց քննարկման է դրված, ինչպես հանրապետականները, այնպես էլ ցանկացած քաղաքական ուժ, հասարակական միավոր կարող է քննարկել, իսկ բուն Սահմանադրության տեքստը կարծում եմ ապագայում արդեն կհրապարակվի»:

«Ազատություն»․ - «Ի՞նչ կարծիքներ կան կուսակցությունում, հակվա՞ծ են, որ ներկայացվեն հանրաքվեի սահմանադրական բարեփոխումները»:

Սահակյան․ - «Բնականաբար հանրաքվեի կներկայացվի, բայց նաև քննարկումները կշարունակվեն, որովհետև տարբեր մեկնություններ կան, տարբեր մոտեցումներ կան, թե կուսակցությունում, թե նաև այլ կուսակցություններում»:

«Ազատություն»․ - «Իսկ մոտավորապես, ի՞նչ եք կարծում, ե՞րբ կներկայացվի հանրաքվեի»

Սահակյան․ - «Ես կարծում եմ աշնանը պատրաստ կլինի, բայց չեմ կարող կոնկրետ ասել՝ աշունը կլինի, թե 2016 թվականի գարնանը, էդպես, դեռևս քննարկումներ չկան: Դա կլինի այն ժամանակ, երբ քննարկումները իրենց բովանդակային առումով արդեն նախապատրաստած լինեն Սահմանադրությունը շրջանառության մեջ դնելու»:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը անցած տարվա հոկտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որով առաջարկվում է կառավարման կիսանախագահական մոդելից անցնել խորհրդարանական կառավարման համակարգին:

Բարեփոխումների փաթեթը հանրաքվեի կարող է ներկայացնել Հայաստանի նախագահը: Ինչպիսի՞ դիրքորոշում ունի նախագահ Սարգսյանը առ այսօր հայտնի չէ: Անցած տարվա հոկտեմբերի 17-ին նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը tert.am-ին հայտնեց, որ հայեցակարգի վերաբերյալ Հայաստանի նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի հայտնի կլինի 2015-ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում:

Հայտնի է նաև, որ նախագահ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին դեմ են ընդդիմադիր ուժերը՝ հայտարարելով, որ անցումը խորհրդարանական հանրապետության հնարավորություն կտա Սերժ Սարգսյանին պահպանել իշխանությունը՝ պաշտոնավարելով որպես Ազգային ժողովի նախագահ կամ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար:

Այսօր Գալուստ Սահակյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ներկայացրե՞լ է արդյոք պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Ազգային Ժողովից իր բացակայությունները հիմնավորող որևէ փաստաթուղթ․․․

Սահակյան․ - «Ես բավականին շատ պարզաբանումներ ունեմ իհարկե և փորձում եմ նաև․․․ Տեսնենք, համագումարից հետո, ըստ երևույթին, կխոսեմ նաև Գագիկ Ծառուկյանի հետ, ինձ համար հիմնավորումներ են պետք և կարծում եմ վրազելու որևէ խնդիր չունենք, մնում է վերջնական քննարկումների արդյունքում իմ կողմնորոշումը, առայժմ չեմ կողմնորոշվել»:

«Ազատություն»․ - «Կարծիք կա, որ «Բարգավաճ Հայաստանը» հենց ընդդիմադիր դիրքերից հանդես եկավ, իշխանությունը իր ողջ ուժով ճնշեց, ստիպեց ի վերջո, որ այդ կուսակցությունը կազմալուծվեց: Ի՞նչ կասեք այս քննադատություններին»:

Սահակյան․ - «Գիտեք, տարբեր կարծիքներ կարող են լինել, մենք պիտի տեսնենք իրողությունը ինչպիսին է այսօր: Ասում են, փաստորեն քաղաքական մեծամասնությունը հաղթեց, Բարգավաճը պարտվեց, ես կարծում եմ քաղաքական դաշտում հաղթանակներ և պարտություններ գրանցելը սխալ է: Դ քաղաքական պրոցեսներ են և ամեն կուսակցությունը ինքը իր ռազմավարության հետևանքներն են ունենում, ինչպես այս դեպքում նաև «Բարգավաճ Հայաստանը»: Ես խորհրդարանում երբևիցե չեմ տեսել, որ պատգամավորների մեջ ճնշման գործիք օգտագործեն»

«Ազատություն»․ - «Իսկ կոալիցիայի հետ կապված խոսակցությունները կարծես թե դադարեցին: Հանրապետականները, ինչքան հասկանում ենք, այլևս մտադիր չեն մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ կոալիցիա կազմել»:

Սահակյան․ - «Մենք որպես սկզբունք գտնում ենք, որ քաղաքական ուժերը պիտի միավորվեն, իսկ կուսակցական տեսակետից կարծում եմ, որպես քաղաքական մեծամասնություն, մասնավորապես՝ ԱԺ-ում, չեմ կարծում, որ տրամաբանորեն կոալիցիայի անհրաժեշտություն կա»:

XS
SM
MD
LG