Մատչելիության հղումներ

Հայաստանը ՄԱԿ-ում ցեղասպանությունների կանխարգելման բանաձև է նախաձեռնել


Լուսանկարը՝ Արտգործնախարարության
Լուսանկարը՝ Արտգործնախարարության

Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին։

Նշելով, որ Մարդու իրավունքների խորհրդում այս ելույթն առանձնակի կարևոր է, քանի որ այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Նալբանդյանը անդրադարձել է նաև ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած բանաձևին:

«Այս տարի Հայաստանը կրկին նախաձեռնել է ցեղասպանությունների կանխարգելման բանաձև: Առկա է միջազգային հանրության աճող համաձայնությունն առ այն, որ ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրությունը և առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ գաղափարը աշխարհաքաղաքական հաշվարկներին», - ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ջանքերում:

«Մենք կոչ ենք անում բոլոր անդամ-պետություններին` սատարելու այս բանաձևը, այնպես, ինչպես արվեց երկու տարի առաջ», - Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հայտարարել է նախարարը:

Երեկ Էդվարդ Նալբանդյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկկերի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG