Այսօր գյուղատնտեսության նախարարությունում կայացած ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող խորհրդի նիստում առաջարկվել է վերակազմակերպել և միավորել «Ամբերդ» և «Փարպի», «Մուսալեռ», «Ակնալիճ» և «Վաղարշապատ», «Հրազդան-Ջուր» և «Նաիրի», ինչպես նաև «Վայք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունները, փոխանցում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Ներկայումս հանրապետությունում գործում են 42 ջրօգտագործողների ընկերություններ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ ՋՕԸ-երի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են որոշակի վերակազմավորումներ», - նիստի ժամանակ ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
«Ոչ շահութաբեր ՋՕԸ-երի վերակազմավորումը թույլ կտա ոչ միայն տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ, այլ նաև ապահովել ֆինանսական մուտքերի ավելացում։ Միաժամանակ նիստում ընդգծվել է, որ վերակազմակերպումը խոչընդոտներ չի առաջացնի ջրօգրագործողներին ջրի արդարացի բաշխման խնդրում: Ջրօգտագործողների ընկերությունների միավորման մասին առաջարկությունն ընդունվեց միաձայն կողմ քվեարկությամբ», - ասված է նախարարության հաղորդագրությունում։