Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Այսօր Մերձավոր Արևելքում քրիստոնեության գոյությունը լուրջ վտանգի տակ է


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթի ժամանակ, արխիվ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթի ժամանակ, արխիվ

Հայաստանի արտգործնախարարը Ժնևում խոսել է նաև 2014-ին հայերով բնակեցված Քեսաբի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակումից։

Այսօր Մերձավոր Արևելքում քրիստոնեության գոյությունը լուրջ վտանգի տակ է, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի շրջանակում կայացած «Աջակցություն Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքներին» խորագրով քննարկման ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը, մատնանշելով քսանմեկ ղպտի քրիստոնյաների գլխատումը և Սիրիայում ասորիների դեմ դաժան հարձակումները, ասել է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները կարող են դիտարկվել որպես անհետացման եզրին հայտնված ամենախոցելի խմբերից մեկը՝ այդպիսով պահանջելով անհապաղ գործողություններ նրանց պաշտպանության և աջակցության համար։

«Որևէ մեկին չպետք է մոլորեցնի այն, որ կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների դեմ շարունակվող բռնությունը իրականացվում է հենց կրոնի անունից: Մենք գործ ունենք այսպես կոչված «Իսլամական պետության», «Ալ-Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբերի կողմից քաղաքակիրթ աշխարհի դեմ հանցագործությունների հետ։ Բարբարոսները պատերազմ են հայտարարել մարդկությանը», - ասել է Նալբանդյանը՝ հավելելով. - «Ահաբեկչական այս խմբավորումները մեծապես օգտվում են օտարերկրյա գրոհայինների ու ֆինանսական հոսքերից։ Նրանք սպառնում են կրոնական ու էթնիկ ամբողջական խմբերի գոյությանը: Ուստի պայքարը այդ ահաբեկիչների դեմ պետք է ընթանա ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում»։

Նախարարը ընդգծել է, որ Հայաստանը միանշանակորեն դատապարտել է վերոհիշյալ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործությունները, ներառյալ՝ Իրաքի եզդիների դեմ։

«Մենք բազմաթիվ առիթներով կոչ ենք արել միջազգային հանրությանը՝ վճռական քայլեր ձեռնարկել նոր արհավիրքի դեմն առնելու նպատակով: Մենք շարունակաբար շեշտել ենք ահաբեկչական խմբերին ցուցաբերվող ցանկացած աջակցության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, այդ թվում՝ անդրսահմանային հարձակումների համար հարևան երկրների տարածքների օգտագործումը: Այս առումով Հայաստանը լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար կատարմանը», - հայտարարել է Նալբանդյանը։:

Նա խոսել է նաև Քեսաբի դեպքերի մասին՝ ասելով. - «2014 թվականի մարտի 21-ին «Ալ Քաիդա»-ի հետ սերտորեն կապված ահաբեկչական խմբավորումները հարձակում գործեցին հիմնականում հայերով բնակեցված թուրք - սիրիական սահմանի վրա գտնվող Քեսաբի վրա, որի հետևանքով տեղի բնակչությունը հարկադրված էր լքել իրենց օջախները: Ծայրահեղական խմբերը պղծեցին և ավերեցին Քեսաբի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը»։

Նալբանդյանը նշել է, որ այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ապա շարունակել․ - «Սիրիական Դեյր Զորը և շրջակա անապատը դարձան Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի մահվան քայլերթի վերջին հանգրվանը: Դեյր Զորի Սրբոց Նահատակաց Հայկական եկեղեցին սրբավայր էր, որն ամփոփում էր ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները, հանդիսանում հիշատակի ոգեկոչման բազմաթիվ վայրերից մեկը: Սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցին հնարավոր չի լինի հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին այնտեղ, քանզի 2014 թվականի սեպտեմբերին ահաբեկչական խմբավորումները քանդեցին եկեղեցին և պղծեցին սրբավայրը»։

Հայաստանի արտգործանախարարը նշել է, որ «մշակութային գլուխգործոցների կործանումը, որը սովորաբար հաջորդում է էթնիկ զտումներին, փորձ է՝ ջնջելու մարդկանց հիշողությունը, կործանելու հազարամյա պատմություն ունեցող հինավուրց մշակույթները և քաղաքակրթությունները»:

«Մեկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանյութը, թե ինչպես են «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի թանգարանում ավերում 2700-ամյա հուշարձանները: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրն աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսական արարքների` Բուդդայի բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների և Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերի, երբ ադրբեջանական կառավարության աչալուրջ հսկողության ներքո հազարավոր հուշարձաններ ոչնչացվեցին», - իր ելույթում ասել է Նալբանդյանը։

Վկայակոչելով Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհուրդը (ICOMOS)՝ նախարարը շեշտել է․ - «Ժառանգությունը, որ ժամանակին իր արժեքավոր տեղն էր զբաղեցնում համաշխարհային ժառանգության գանձերի շարքում, այլևս չի կարող փոխանցվել հաջորդ սերունդներին»:

«Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է քաղաքակիրթ աշխարհի հիմնասյուներից, այլոց քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակաբար վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն ամենայն վճռականությամբ», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Բացման խոսքերով հանդես են եկել նաև Ռուսաստանի, Լիբանանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեբրան Բասիլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG