Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրացիների թիվը զգալիորեն նվազել է։ Ըստ ադրբեջանական APA գործակալության, այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիևը համոզմունք է հայտնել, որ չնայած այդ հանգամանքին՝ Հայաստանը «վիճակագրական մեթոդներով» փորձում է այլ պատկեր ներկայացնել։
Բաքվում նստած ադրբեջանցի պաշտոնյան, մինչդեռ, «վերլուծությունների» շնորհիվ պարզել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելողների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են։ «Սև ցուցակով» աշխարհին հայտնի Ադրբեջանը նաև հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղ այցելուների թվի անկումը մեծապես պայմանավորված է «Ադրբեջանի կողմից ձեռնարկված մի շարք քայլերով»։
«Թերևս պարոն Հաջիևը թվաբանության հետ խնդիրներ ունի»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան նշում են ԼՂ ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ հիշեցնելով, որ 2013-ին, երբ Ադրբեջանի ԱԳՆ առաջին անգամ հրապարակեց «իր տխրահռչակ սև ցուցակը», դրանում ընդգրկված էր 335 մարդ, մինչդեռ այս տարի ցուցակում, համաձայն հենց Հաջիևի, արդեն 435 անուն կա։
«Այս պարզ հաշվարկը գալիս է հերքելու Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մտացածին եզրահանգումները»,- ասվում է ԼՂ ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանում։
Լուսինե Մուսայելյան