Մատչելիության հղումներ

Նախագահը և արտգործնախարարը շնորհավորել են Հայաստանի դիվանագետներին


Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում արտգործնախարարությունում, արխիվ
Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում արտգործնախարարությունում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր շնորհավորել են Հայաստանի դիվանագետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ:

Նշելով, որ դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է 23 տարի առաջ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում Հայաստանի դրոշի բարձրացումը, նախագահը իր շնորհավորական ուղերձում մասնավորապես գրել է․ - «Անկախ պետականության գրեթե երկուսուկես տասնամյակների ընթացքում դուք՝ դիվանագետներդ, ձեր կարևոր նպաստն եք բերել միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության ամրապնդմանը, մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը, Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին»:

«Այսօր էլ ձեր առջև բազում են մարտահրավերները, հետևաբար մեծ են նաև ձեզնից ակնկալիքներն ու պահանջները», - նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ գրել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ այս պահին էլ Սիրիայում և Իրաքում ընթացող դժվարին գործընթացների պայմաններում հայ դիվանագետները պատվով իրականացնում են իրենց առաքելությունը։

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշել է, որ այս տարի նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավելյալ պարտավորեցնում է հայ դիվանագետներին՝ «բազմապատկելու Մեծ Եղեռնի վերաբերյալ անժխտելի ճշմարտությունը ներկայացնելուն, կեղծարարություններին ու ժխտողականությանը հակազդելուն և դրանք չեզոքացնելուն ուղղված ջանքերը»:

ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ նախարարը նաև անդրադարձել է Ղարաբաղյանի խնդրի կարգավորմանը․ - «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, շարունակելու է ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ»:

«Հայաստանը ակտիվ համագործակցություն է ծավալելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, խորացնելու է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ», - գրել է նախարարը՝ նշելով, որ Հայաստանը շարունակելու է սերտացնել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, զարգացնել և առավել ամրապնդել ԱՄՆ-ի, Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի և մյուս երկրների հետ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG