Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայաստանի վարչապետը կարևորել է «Իրաքյան ավիաուղիների»` դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների կազմակերպման փաստը, ընդգծել, որ առևտրատնտեսական կապերի խորացման համար մեծ ներուժ կա և կարևորել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, բիզնես ֆորումների կազմակերպման միջոցով գործարար կապերի ընդլայնումը:
Իրաքի տրանսպորտի նախարարի խոսքով՝ իր երկրի կառավարությունը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության խորացմամբ: