Երևանի Սարյան 38 հասցեում գտնվող նկուղներից մեկն անցած տարի շենքի բնակիչների համար անակնկալ աճուրդի հանվեց։ Շենքի բնակիչ Աննա Բարսեղյանի ընտանիքը պայքարեց, որ իրենց տնօրինության տակ մնա նկուղը, որի համար տարիներ շարունակ վարձակալության վճար են տվել։ Սակայն արդյունքի չհասան։
«Հանկարծ մեզ ասացին, որ այդ նկուղը հանվել է աճուրդի և կարող եք մասնակցել աճուրդին: Եթե չէ, բնակիչներին ոչ մեկին չեն զգուշացրել, ինչ-որ օտար ռուս մի կին է գնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աննա Բարսեղյանը։
Պարզվեց, որ Կենտրոն թաղապետարանը նկուղը վաճառել է 3 հազար դոլարով։Համատիրությունների նախագահների ասոցիացիայի ղեկավար Արամ Գրիգորյանն ասում է, որ այդ գումարը կարող էին տնօրինել բնակիչները, քանի որ շենքերի ոչ բնակելի տարածքները՝ տանիքը, նկուղները և օժանդակ կառույցները նույնպես սեփականության իրավունքով պատկանում են բնակիչներին։ Սա ամրագրվել է դեռ 2002 թվականին օրենքով։
«Օրենսդրությամբ ոչ ոք իրավունք չունի տնօրինելու կամ վաճառելու նկուղները, տանիքները», - ասաց Գրիգորյանը:
Մինչդեռ բազմաբնակարան շենքերի նկուղային տարածքները, որոնք օգտագործվում են որպես խանութ, սրճարան, ժամանցային վայր կամ պարզապես նկուղ, շատ հաճախ գրանցվում են որպես համայնքային կամ պետական սեփականություն և վաճառվում՝ առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու։ Այս հարցը բազմիցս բարձրաձայնել է Արամ Գրիգորյանը։
Քաղաքաշինության նախարարության բնակարանային ֆոնդի կառավարման բաժնի պետ Սամվել Սրապյանը, սակայն, ասում է, որ թաղապետարանն ունեցել է նկուղն օտարելու իրավունք։
Տարածքը բնակիչների սեփականությունը դարձնող օրենքի ընդունումից ընդամենը 3 ամիս առաջ թաղապետարանն ինքն է նկուղի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել և վաճառքի հանել այն։
«Եթե կա սեփականության վկայական, տնօրինելը, օտարելն արդեն սեփականատիրոջ իրավունքն է»,-ասում է Սամվել Սրապյանը։
Սամվել Սրապյանը համաձայն է, որ բազմաբնակարան շենքի բնակիչները հիմնականում տեղյակ չեն ընդհանուր սեփականության մասին օրենքի հնարավորությունից, որն անգամ հնարավորություն է տալիս բնակարանը վաճառելու դեպքում ընդհանուր սեփականության տարածքների իրենց բաժնեմասի հաշվին բարձրացնել բնակարանի արժեքը, անգամ այդ տարածքները գրավադրել բանկում:
Այս հնարավորությունից օգտվելու համար, սակայն, բնակիչները պարտավոր են ընդհանուր սեփականության իրավունքը գրանցել կադաստրում: Մինչև բնակիչները կգիտակցեն ու կդիմեն այդ քայլին՝ թաղապետարաններն ու քաղաքային իշխանություններն այդ տարածքները գրանցում են որպես համայնքային սեփականություն և վաճառքի հանում:
Համատիրությունների նախագահների ասոցիացիայի ղեկավար Արամ Գրիգորյանն ասում է. - «Համայնքը, օգտվելով այս խառը վիճակից, վերցնում ինչ-որ գործառույթներ է իրականացնում»:
Բազմաբնակարան շենքերի կառավարումը բարելավելու և իրենց իրավունքների մասին երևանցիներին իրազեկելու համար կառավարությունը հնգամյա ռազմավարական ծրագրեր է մշակել, Համաշխարհային բանկի ու պետական բյուջեի միջոցներ ծախսել։ Անարդյունք՝ խոստովանում է Քաղաքաշինության նախարարության պաշտոնյան՝ Սամվել Սրապյանը, ով աշխատանքային խմբի քարտուղարն էր։
«Ցավոք այդ ծրագիրը տեղից չշարժվեց, ինչպես որ մտածված էր», - ասաց Սրապյանը:
Այդպես էլ թղթին մնացած ռազմավարական ծրագրում նշված է, որ Հայաստանի բնակֆոնդի մոտ 30%–ը վատ վիճակում է, 64%-ը բավարար և միայն 6%–ի վիճակն է համարվում գերազանց կամ լավ: Բազմաբնակարան շենքերի տարածքների վաճառքից ստացված գումարները հայտնի չէ, թե ուր են գնում, մինչդեռ համատիրությունների խոսքով, կարող էին օգտագործվել դեռևս խորհրդային տարիներից մնացած վերելակներն ու պատուհանները նորոգելու համար: