Մատչելիության հղումներ

Հինգ ձերբակալված՝ զինծառայությունից խուսափելու համար կաշառքի գործով


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերի հիման վրա, փետրվարի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, կաշառք ստանալու, իշխանազանցության կամ անգործության դեպքերի առթիվ։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ քրեական գործի շրջանակում Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ձերբակալվել է հինգ անձ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի թերապիայի թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Այվազյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, Նոր-Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը, զորակոչիկ Սամվել Վերդիյանը։

Մասնավորապես, Այվազյանը կասկածվում է խոշոր չափերով կաշառք ստանալու, Ջամալյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, Հարությունյանը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու, Բաբայանը՝ կաշառքի միջնորդության և փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու, Վերդյանը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ստեղծվել է քննչական խումբ՝ բաղկացած առավել փորձառու քննիչներից։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն խոստանում է արդյունքների մասին տեղեկություն տրամադրել լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG