Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Երևանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին։

Վրաստանի խորհրդարանի նախագահը, Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, շեշտել է, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության առավել ընդլայնմանը՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

«Դավիթ Ուսուպաշվիլին և Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցությանը, կարևորեցին միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացումը։ Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրների: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուսուպաշվիլին այսօր հանիպել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը և Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել են հայ-վրացական քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և կապերի խորացումը: Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված քայլերին՝ Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել ներդրումային նոր նախագծերի իրականացումը և հայ ու վրաց գործարարների միջև կապերի սերտացումը:

Իսկ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։ Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար առևտրատնտեսական նոր հնարավորություններ է բացում դեպի մեծ շուկա՝ նշելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին որևէ կերպ չի կարող խոչընդոտել հարևան բարեկամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը:

Ուսուպաշվիլին, իր հերթին, նեշել է, որ Հայաստանի և Վրաստանի ընտրած ինտեգրման տարբեր ուղիները չպետք է խոչընդոտեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ընդհակառակը, երկու պետությունները պետք է կարողանան դա օգտագործել ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG