Մատչելիության հղումներ

ԵՄ պաշտոնյա. «Վերջնական ընտրությունը Հայաստանի իշխանություններինն է»


ԵՄ պաշտոնյա. «Վերջնական ընտրությունը Հայաստանի իշխանություններինն է»
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Եվրամիության համար Հայաստանի հետ հարաբերությունների ապագան դեռ մշուշոտ է, «Ազատության» հետ զրույցում ասաց ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը՝ ընդգծելով, որ Բրյուսելը ցանկանում է շարունակել հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, բայց թե կոնկետ ինչպես, դեռ չի պարզվել։

«Մենք դեռևս Հայաստանի հետ միասին մտածում ենք, թե ինչպես զարգացնենք հարաբերությունները Հայաստանի՝ Եվրասիական միության առջև ստանձնած նոր պարտավորությունների լույսի ներքո։ Պարզ է, որ Ասոցացման պայմանագրի տարբերակը արդեն բացառվում է, և մենք պետք է փորձենք գտնել հարաբերությունները խորացնելու ձևը՝ հարգելով երկու կողմերի ստանձնած պարտավորությունները», - ասաց Մայա Կոչիյանչիչը։

Ընդհանուր առմամբ և՛ Մայա Կոչիյանչիչի, և եվրոպացի այլ պաշտոնյաների խոսքերից դատելով՝ Հայաստան-Եվրամիություն հարբերություններում գնդակը Հայաստանի դաշտում է։ Եվրահանձնաժողովի Արևելյան հարևանության ծրագրի ղեկավար Գերհարդ Շուման Հիտսլերի խոսքով, Բրյուսելը կարող է առաջարկել տարբերակներ, խորհուրդներ տալ, սակայն վերջնական ընտրությունը Հայաստանի իշխանություններինն է։

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի կատարած ռազմավարական ընտրությունը ցավոք փակում է շատ դռներ։ Մենք կարող ենք սեղանին դնել մեր առաջարկը, բայց պարտադրել այն որևէ երկրի չենք կարող, այդ պատճառով էլ կշարունակենք մեր բանակցությունները ոչ միայն կառավարության, այլև բնակչության այլ շերտերի հետ», - նշեց եվրոպացի պաշտոնյան:

Եվրամիության արտգործնախարարի խոսնակ Մայա Կոչիյանչիչը նաև նշում է, որ Եվրամիությունը Արևելյան հարևանության ծրագիրը, որին մասնակցում է նաև Հայաստանը, երբեք չի դիտել որպես Ռուսաստանի հետ մրցակցության հարթակ։ Եվրամիության համար սա ընդամենը անմիջական հարևանների հետ լավ հարաբերություններ կառուցելու միջոց է, ասում է նա։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ բոլորը կշահեն նման ուժեղ հարաբերություններից», - ասաց Կոչիյանչիչը։

Մինչդեռ Ռուսաստանը խանդով է վերաբերում հետխորհրդային տարածքում իրականացվող ցանկացած ծրագրի՝ ասում է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, ով սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո մինչ օրս պնդում է, որ Եվրասիական միությանը միանալու որոշումը կայացվել է սպառնալիքի ներքո։

«Ես գիտեմ՝ ինչպես են Հայաստանին պարտադրել չստորագրել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը Ռուսաստանից Հայաստանի լիակատար կախման ու Ղարաբաղի հարցի պատճառով», - ասաց նա։

«Ազատության» հարցին, թե արդյոք Եվրամիությանը մտահոգո՞ւմ է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից տուժում են մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Բրոկը պատասխանեց․ - «Եթե մի երկրի՝ մեկ այլ միության հետ առևտրի համաձայնագիր ստորագրելը կարող է պատճառ դառնալ, որ Ռուսաստանն այնտեղ զորք մտցնի, ուրեմն վերադառնում ենք 45 թվից էլ հետ։ Քանի որ չենք ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ, մենք պետք է կիրառենք պատժամիջոցներ՝ ցույց տալու ագրեսորին, որ ագրեսիայի գինը բարձր է։ Իմ կարծիքով, լավ կլիներ, եթե պատժամիջոցներն էլ չլինեին, բայց միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները պաշտպանելու համար մենք պարտավոր էինք այդպես վարվել»։

Եվրոպական խորհրդարանի Գերմանիայից ընտրված պատգամավոր Բրոկը անխնա քննադատում է ոչ միայն Պուտինի արտաքին, այլև տնտեսական քաղաքականությունը։

«Ռուսաստանի տնտեսությունն անկում է ապրում ոչ միայն պատժամիջոցների, այլ նաև այն պատճառով, որ նրանց տնտեսական համակարգը չի արդիականացվել վերջին 30 տարիների ընթացքում։ Միայն հումքի արտահանման վրա հիմնված տնտեսությունը սնանկացման շեմին է», - ասաց նա։

«Եվրոպայում կոմունիզմի անկումից հետո Լեհաստանի ու Ուկրաինայի ՀՆԱ-ն նույնն էր, այժմ լեհական ՀՆԱ-ն 4 անգամ բարձր է ուկրաինականից։ Հենց դրանից է վախենում պարոն Պուտինը, որ Ուկրաինան, Մոլդովան կամ Վրաստանը կդառնան տնտեսապես հաջողակ, ազատ մամուլ ունեցող ու ժողովրդավար երկրներ, իսկ այդ ժամանակ ռուսները խնդիրներ կունենան տանը՝ բացատրելու, թե ինչու է Ռուսաստանը շարունակում մնալ այդ վիճակում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG