Մատչելիության հղումներ

«Ժառանգություն». Դաժանությունն ու անպատժելիությունը նոր դաժանություններ են ծնում


«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և դաժան ծեծի ենթարկելու փաստը:

«Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար Հայաստանի քաղաքացիներին հետապնդելու և նրանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու արատավոր գործելակերպը՝ գնահատելով այն որպես երկրի չընտրված իշխանությունների ու իրավապահ մարմինների լռելյայն թույլտվության արդյունք», - ասված է կուսակցության այսօրվա հայտարարությունում։

Մատնանշելով վերջին ամիսներին ակտիվիստների, քաղաքական գործիչների նկատմամբ բռնության դեպքերը, կուսակցությունը նշում է, որ «նույն ձեռագրով կատարված ահաբեկչական գործողությունները իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հովանավորվող հաշվեհարդար են այն ակտիվիստների հանդեպ, ովքեր փորձում են բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ երկրում տիրող անօրինականությունների և ամենաթողության»:

Կուսակցությունը պատկան կառույցներից, մասնավորապես Ոստիկանությունից պահանջում է անհապաղ բացահայտել «բռնություն կատարած ճիվաղների և նրանց հետևում թաքնված թուլամորթ պատվիրատուների ինքնությունը՝ յուրաքանչյուրին տալով իր արժանի պատիժը», և ընդգծում, որ «դաժանությունն ու անպատժելիությունը նոր դաժանություններ են ծնում»:

«Ժառանգություն»-ը զորակցություն է հայտնում Արտակ Խաչատրյանին և արդարության համար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին` կոչ անելով «աննկուն և միասնական լինել ապօրինի վարչակարգի դեմ վճռական պայքարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG