Մատչելիության հղումներ

ՀԱԿ. Ահաբեկչական այս ակտերն այլ բան չեն, քան խուճապի մատնված ռեժիմի հոգեվարքային ջղաձգում


Հայ ազգային կոնգրեսը պատահականություն չի համարում ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումը և նրա դեմ կիրառված բռնությունը։ Այսօր տարածած հողորդագրությունում ՀԱԿ-ն այն անվանել է իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմության դեմ վերջին միջոց, «սանձազերծած ստոր ահաբեկչական գործողությունների շղթայի հերթական մի օղակ»։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Պատահական չէ, որ նախ բռնությունների ենթարկվեցին հասարակական կազմակերպությունների, փոքր քաղաքական ուժերի անդամներ, իսկ այնուհետև իշխանական ահաբեկչության թիրախ դարձան համաժողովրդական շարժման մեջ ընդգրկված հոծ քաղաքական կազմակերպությունների՝ ազատամարտիկների դաշինքի, Հայ ազգային կոնգրեսի, իսկ այժմ արդեն նաև ԲՀԿ-ի ներկայացուցիչներ։ Դավադիր ու փոքրոգի ահաբեկչական այս ակտերը այլ բան չեն, քան խուճապի մատնված ռեժիմի հոգեվարքային ջղաձգում»։

ՀԱԿ-ն այն որակել է «ահաբեկչական գործելակերպ»՝ ընգդծելով՝ դա «անհատների դեմ ուղղված լինելով, ըստ էության, մարտահրավեր է ողջ հասարակությանը»։

«Իշխանության այսպիսի գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի և քաղաքական ուժերի միահամուռ ընդվզմամբ շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինակարգ իշխանության հաստատումը, իրավունքի և օրենքի գերակայության ապահովումը», - ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG