Մատչելիության հղումներ

Գյումրիի դեպքերի առնչությամբ ձերբակալված երիտասարդը ազատ արձակվեց


Փետրվարի 4-ին ձերբակալված Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանը քիչ առաջ ազատ արձակվեց:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնից դուրս եկած Ալեքսանյանին դիմավորում էին հարազատները, ընկերները, ինչպես նաև մի խումբ լրագրողներ:

«Շնորհակալ եմ բոլորից: Ընդհանրապես ոչ մի բան չէի ուզի հիմա ասել», - լրագրողների հետ զրույցում ասաց երիտասարդը, պատճառաբանելով, որ ուզում է նախ հասնել տուն և տեսնել հիվանդ մորը:

Այդուհանդերձ, արձագանքելով լրագրողների հարցին, թե՝ իրեն որևէ մեղադրանք ներկայացվե՞լ է, երիտասարդը պատասխանեց՝ ոչ: Նա նաև հայտարարեց, որ ոստիկանությունում ճնշումների չի ենթարկվել, սակայն իր համար այդպես էլ պարզ չէ, թե ինչո՞ւ են հենց իրեն ձերբակալել:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել հանրապետւթյունից չհեռանալու մասին ստորագրությամբ: Տռուզյանը հավելեց, որ 22-ամյա երիտասարդը շարունակում է մնալ կասկածյալի կարգավիճակում: Նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:

Ալեքսանյանին ձերբակալել էին հունվարի 15-ի Գյումրիի բախումների առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG