Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում ձեռնարկել լարվածության նվազեցմանն ուղղված գործուն միջոցներ, խուսափել հակամարտության սրմանը հանգեցնող քայլերից։
«Իրավիճակը շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին բարդ է մնում։ Նախկինի պես շատ են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հաճախացել են մարտական բախումները, ակտիվացել է հետախուզադիվերսիոն խմբերի գործունեությունը», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ շարունակելով. - «ԵԱՀԿ-ի դիտարկման առաքելության տեղեկատվությամբ՝ պատրաստված պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա, միայն 2015 թվականի հունվարին հակամարտության գոտում զոհվել է 12, վիրավորվել՝ 18 մարդ։ Զոհերի փաստացի քանակը կարող է զգալիորեն ավելի շատ լինել»։
Հիշեցնելով հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների հրապարակած հայտարարությունում պարունակվող կոչը բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարի մասին համաձայնության պայմանները, Լուկաշևիչը նշել է. - «Այսօր՝ փետրվարի 5-ին, համանախագահները Մյունխենում հանդիպում են Հայաստանի արտգործնախարարին, որի հետ ևս քննարկելու են իրավիճակը շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին»։