Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բարձրացնում է Վրաստան մատակարարվող գազի գինը


Վրաստան - Գազի հաշվիչներ Թբիլիսիում, արխիվ
Վրաստան - Գազի հաշվիչներ Թբիլիսիում, արխիվ

Վրաստան մատակարարվող բնական գազի սակագինն աճելու է մարտի 1-ից` առայժմ միայն իրավաբանական անձանց համար:

Վրաստանը պաշտոնապես դիմում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին, խնդրելով չբարձրացնել բնական գազի սակագինը: Այս մասին մի քանի ժամ առաջ Վրաստանի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Մենք արդեն իսկ կապ ենք հաստատել Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչների հետ, և նրանք պատրաստակամություն են հայտնել բանակցել ու որոշակի համաձայնությունների գալ այս հարցում: Հանձնարարում եմ երկու փոխվարչապետերին` տնտեսական խորհրդի անդամների հետ միասին լուծել այս խնդիրը: Մենք, ըստ ամենայնի, կդիմենք ադրբեջանական կողմին` խնդրելով հետաձգել վերջնական որոշման կայացումը կամ գոնե դրա իրագործման ժամկետները», - ասաց Ղարիբաշվիլին:

Վրաստան մատակարարվող բնական գազի սակագինն աճելու է մարտի 1-ից` առայժմ բացառապես իրավաբանական անձանց համար: Թբիլիսում, օրինակ, մեկ խորանարդ մետր գազի գինը մարտի 1-ից կաճի մոտ 30 տոկոսով` հասնելով 45 սենթի: Մարզերում ևս գազի գինը կաճի, սակայն այն կշարունակի ավելի ցածր մակարդակի վրա մնալ, քան մայրաքաղաքում:

Վրաստանի կառավարության` Ադրբեջանին դիմելու որոշումը ևս պատահական չէ․ Վրաստանը բնական գազի 80 տոկոսը ստանում է հենց Ադրբեջանից:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության վրացական ստորաբաժանումներից մեկը` SOCAR Georgia Gas-ը, վառելիքը վաճառում է մատակարար ընկերություններին, որոնք էլ, իրենց հերթին, զբաղվում են վառելիքի մանրածախ առևտրով:

Ադրբեջանական կողմը գազի սակագնի բարձրացումը բացատրում է վրացական տարադրամի` լարիի վերջին ամիսներին նկատվող արժեզրկմամբ:

Անդրադառնալով այս խնդրին՝ Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն նշում էր․ - «Մայրաքաղաքին գազ մատակարարող KazTransGas-ը, մատակարար մյուս ընկերությունները հայտարարում են, որ լուրջ կորուստներ են կրել լարիի արժեզրկման պատճառով, ուստի գազի սակագնի աճն անխուսափելի է»:

Էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիաշվիլիի խոսքով էլ՝ կառավարությունը կանի հնարավորը, որպեսզի գազի սակագնի աճը չվատթարացնի Վրաստանի ազգաբնակչության սոցիալական վիճակը:

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ լարիի փոխարժեքի անկման պատճառով գազի գինն ավելացել է, և այժմ մեկ խորանարդ մետրի գինը կազմում է շուրջ 86 թեթրի: Դա էլ հենց ստիպեց ադրբեջանական ընկերությանը վերանայել սակագինը: Մենք, սակայն, կարողացանք համաձայնության գալ, ըստ որի՝ հացի գործարանների համար պահպանվելու է գազի արտոնյալ գինը», - հայտարարում էր Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը:

Թբիլիսցի տնտեսագետ Ռևազ Արվելաձեի համոզմամբ, մինչդեռ, կառավարությունը կարող էր սոցիալական լարվածության նվազեցման շուկայական, այլ ոչ թե բանակցային մեթոդներ կիրառել: Դա, ըստ տնտեսագետի, հնարավորություն կտար խուսափել գազի գնի, իր բնորոշմամբ, անհամարժեք աճից:

«Լարին արժեզրկվեց շուրջ 12 տոկոսով, իսկ գազի գինը բարձրացնում են 30 տոկոսով: Նման ավելացումից խուսափելու համար պարզապես կարելի էր արտադրվող էլեկտրաէներգիայի և ներկրվող գազի վրա ավելացված արժեքի հարկ չսահմանել», - հայտարարում է Արվելաձեն:

Վերջում հիշեցնենք, որ այսօր Վրաստանի էներգետիկ ոլորտի գերակշիռ մասը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո: Ադրբեջանի պետական նավթային ընկերության` Վրաստանում գրանցված դուստր ձեռնարկությունը` SOCAR Energy Georgia-ն, ե​րկրի խոշորագույն հարկատուներից է: SOCAR-ին պատկանող բենզալցակայանների թիվը գերազանցում է 100-ը: Ադրբեջանական պետական ընկերությունը վերահսկում է Վրաստանի բենզինի շուկայի 72 և դիզելային վառելիքի շուկայի 61 տոկոսը: SOCAR Georgia Gas-ի ձեռքում է Վրաստանի գազաբաշխիչ ցանցերի մեծ մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG