Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2017 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Սարգիս Հովսեփյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը հայտնվեց 5-րդ խմբում՝ Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի ընտրանիների հետ միասին: Վիճակահանության արդյունքում ՈւԵՖԱ-ի անդամ 52 երկրների երիտասարդական հավաքականներն ընդգրկվեցին 9 խմբերում:
Որակավորման փուլում ամենաշատ միավորներ հավաքած թիմերը ձեռք կբերեն Լեհաստանում անցկացվելիք Եվրո-2017-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Երկրորդ տեղերը գրաված թիմերից լավագույն արդյունք ցույց տված չորս հավաքականներն անցումային խաղերում կպարզեն առաջնության վերջին երկու մասնակիցներին:
Առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությանը կմասնակցեն 12 թիմեր: Եվրո-2017-ի ընտրական փուլի հանդիպումները կմեկնարկեն այս տարվա մարտին, իսկ եզրափակիչ փուլը կկայանա 2017-ի ամռանը:
Ա.Մ.