Այսօր առավոտյան Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 8 անձանց, ովքեր ենթադրաբար կապ ունեն Լիոնում և Փարիզում գործող ջիհադիստական միավորների հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազենյովը:
Նա հայտարարել է, որ այս պահին 161 հետաքննություն է իրականացվում, որոնցում 547 անձ է ներգրավված: Նրանցից 161-ը ձերբակալվել են, 80-ը բանտարկվել են, 95-ի նկատմամբ հետախուզում է հայտարարված:
CNN-ի հաղորդմամբ, նախարարը նաև հայտարարել է, որ մեկնելու է Բրյուսել, որպեսզի համոզի Եվրամիության քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեին առաջ մղել ԵՄ մուտք գործող ուղևորների տվյալների վերաբերյալ օրինագիծը: Այս օրենքի համաձայն, ավիաուղիները պետք է պահպանեն և անհրաժեշտության դեպքում տրամադրեն ԵՄ մտնող և դուրս եկող ուղևորների վերաբերյալ տվյալներ: