Մատչելիության հղումներ

ՀՀ փոխարտգործնախարար. Թուրքիան պետք է փոխի ժխտողական մտածելակերպը


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր անդրադարձել է Հայաստանի նախագահի հայտարարությանն ի պատասխան Թուրքիայի պաշտոնական արձագանքին՝ կոչ անելով այդ երկրին «փոխել ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող ժխտողական մտածելակերպը»։

Գնահատելով թուրքական կողմի պատասխանը, որն անընդունել էր որակել Հայաստանի արձագանքը՝ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումներին ՀՀ Նախագահին ուղղված հրավերին, Քոչարյանը ասել է.- «Պարզվում է, թուրքական դիվանագիտության համար ընդունելի է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու՝ Թուրքիայի Նախագահին ուղղված ՀՀ նախագահի հրավերին չպատասխանելով՝ հենց այդ օրը տեղափոխել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումները և ավելին՝ հանդգնել դրանց ներկա գտնվելու՝ բոլոր բարոյական չափանիշներին հակասող հրավեր ուղարկել ՀՀ նախագահին»։

«Նման պարզունակ խորամանկություններով Անկարան հերթական անհաջող փորձն է կատարում՝ քողարկելու իր անկարողությունը՝ անցյալի հետ առերեսվելու և ընդունելու պատմական ճշմարտությունը, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։ Թուրքիայի իշխանությունները նման անհեթեթ վիճակում հայտնվելուց խուսափելու համար պետք է փոխեին ոչ թե Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձի ավանդաբար նշվող օրը, այլ՝ փոխեին ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող իրենց ժխտողական մտածելակերպը»,- ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը։

Պաշտոնական Անկարան, հիշեցնենք, կոշտ կերպով է հակադարձել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ցեղասպանության թեմայով արված վերջին հայտարարություններին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ասել է․ - «Թուրքիայի նախագահի` իրեն ուղղված հրավերի մասին Սարգսյանի հայտարարությունները սազական չեն պետական գործչին: Դիվանագիտական պրակտիկային հակասող նման հայտարարությունները մեզ համար անընդունելի են»:

Սերժ Սարգսյանը անցած հինգշաբթի օրը Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր․ - «Թուրքիան անհեռատես և ցինիկ որոշում կայացրեց` խմբագրելով սեփական պատմությունն ու որոշելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշել նույն այն օրը, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը` ապրիլի 24-ին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG