Մատչելիության հղումներ

Սասունյան. Անկարայից պետք է պահանջել Ցեղասպանության հետևանքով կորցրած բառացիորեն ամեն ինչ


Սասունյան. Անկարայից պետք է պահանջել Ցեղասպանության հետևանքով կորցրած բառացիորեն ամեն ինչ
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00

Հանձնաժողովը, սակայն, առայժմ չի մանրամասնում, թե ճանաչումից բացի ինչ այլ պահանջ է դնելու Թուրքիայի իշխանությունների առջև։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովն առայժմ չի մանրամասնում, թե ճանաչումից բացի ինչ այլ պահանջ է դնելու Թուրքիայի իշխանությունների առջև։ Երեկ հրապարակված համահայկական հռչակագրում նշված է, թե մշակվում է իրավական պահանջների թղթածրար՝ որպես իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: Թե մասնավորապես ի՞նչ է սա ենթադրում, նախագահի աշխատակազմի ղեկավար, 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը վաղաժամ համարեց մեկնաբանել՝ «հանձնախումբը դեռ աշխատում է փաստաթղթի վրա»։

«Մենք չենք դրել հստակ ժամանակացույց դրան, թե երբ այդ խումբը կբերի իր վերջնական փաթեթը, որովհետև իրականում այդ փաթեթի մշակումը նախատեսում է շատ լուրջ ներքին համաձայնեցումներ և աշխատանքներ բոլոր հնարավոր շահառուների հետ։ Եթե մենք այս պահին պատրաստ լինեինք ավել բացել փակագծերն, ի հարկե, դա արտացոլված կլիներ ևս հռչակագրում», - ասաց Սարգսյանը։

«Ազատության» հստակեցնող հարցին, թե գոնե այս փուլում կարելի՞ է ասել, որ պաշտոնական Երևանի օրակարգում կա, օրինակ, փոխհատուցման, տարածքների վերադարձի պահանջ կամ, արդյո՞ք Հայաստանի իշխանությունները մտադիր են դատական գործըթնացներ սկսել Անկարայի դեմ, Վիգեն Սարգսյանը հստակեցրեց, թե մշակվող թղթածրարը ոչ թե պաշտոնական Երևանի, այլ հայկական աշխարհի դիրքրոշումն է։

«Եվ դա շատ ավելի կարևոր է, քան կլիներ պաշտոնական Երևանի, օրինակ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ենթադրենք, մոտեցումը նշված խնդրին։ Բայց տվյալ դեպքում պետք չէ հասկանալ իրավական ուղիները միայն դատական վեճի ճանապարհով։ Սովորաբար, լավագույն փաստաբանը նա է, որ լուծում է վեճը մինչև դատարան մտնելը։ Այնպես որ այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե որ ուղին է լինելու», - ասաց Սարգսյանը։

Հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Երևան ժամանած «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի համոզմամբ, Անկարայից պետք է պահանջել Ցեղասպանության հետևանքով կորցրած բառացիորեն ամեն ինչ։

«Հայ նահատակների կյանքի կորստի դիմաց, մեզ պետք է տան հատուցում, ինչպես որ Գերմանիան տվել է հրեա ժողովրդին, մենք էլ իրավունք ունենք նման հատուցման, բայց ոչ միայն դրամական այլ նաև եկեղեցիների կալվածքների, հողերի, ամեն ինչի, որ ունեինք՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սասունյանը։

Ամերիկահայ գործիչը միանգամայն ողջամիտ ու իրատեսական համարեց այս պահանջը՝ պնդելով, որ այն պետք է տեղ գտնի այժմ մշակվող փաստաթղթում։

«Թե այդ հողերի վրա այսօր ո՞վ է ապրում, թե Թուրքիան որքա՞ն հզոր է, դա ոչ մի կարևորություն չունի, կարևորն այն է, որ այս հողերը պատկանում են հայ ժողովրդին, և հայ ժողովուրդը պետք է լինի պահանջատեր։ Մեծ վնաս կտանք մեր դատին, եթե ասենք, որ հողերը երազանք են, չպահանջենք», - ասաց խմբագիրը։

Վերադառնալով արդեն հրապարակված հռչակագրին, որում Թուրքիային կոչ է արվում ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը՝ հրաժարվելով կեղծարարության քաղաքականությունից, Վիգեն Սարգսյանն ասաց՝ «այսպիսի փաստաթղթի ընդունման փաստն արդեն մեծ երևույթ է»։

«Մեծ պատասխան է նրանց, ովքեր պատմություններ են մոգոնում, թե իբր հայերը Սփյուռքում և հայերը Հայաստանում տարբեր ցանկություններ ունեն և տարբեր ձգտումներ ունեն», - ասաց Սարգսյանը։

Հայաստանի իշխանություններին չի մտահոգել Թուրքիայի որոշումը՝ հենց ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը, Միաժամանակ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, թե Երևանը հակընդեմ քայլեր ձեռնարկելու է։

«Անշուշտ, մենք մեր բոլոր գործընկերներին հուշելու ենք, որ հարմարեցված ամսաթվին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը որևէ տոնակատարություններին մասնակցելը համարում ենք ոչ նպատակահարմար։ Բայց, եթե ելնենք նրանից, որ կարող են լինել շահեր և հետաքրքրություններ, որոնք պետությունների որոշ ղեկավարների կմղեն դեպի Թուրքիա, անում ենք մեր եզրահանգումները», - ասաց նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Ի պատասխան «Ազատության» հարցին՝ Վիգեն Սարգսյանը խուսափեց գնահատել՝ արդյո՞ք Թուրքիայի նախագահի հայաստանյան այցելության թեման արդեն կարելի է փակված համարել՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի և Ռեջեփ Էրդողանի նամակագրությունը։

«Ձեր երկրորդ հարցն ավելի ճիշտ կլինի, որ ձեր գրասենյակը տա Թուրքիայի իշխանություններին», - ասաց Սարգսյանը։

100-րդ տարելիցի առաջին մեծ միջոցառումը նախատեսված է մարտին՝ միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ մեդիա ֆորում, որին՝ ապրիլի 22-ից 23-ը կհաջորդի քաղաքական համաժողովը: Էջմիածինը ցեղասպանության նահատակներին սրբերի շարքն է դասելու ապրիլի 23-ին, նույն օրը երեկոյան Երևանում «System of a Down» ռոք խմբի համերգն է, ապա ջահերթով երթը: Ոգեկոչման հիմնական արարողությունը ապրիլի 24-ին անմար կրակի մոտ է, այստեղ ելույթներ են ունենալու նաև Հայաստան ժամանած այլ պետությունների նախագահները, երեկոյան էլ եզրափակիչ միջոցառումն է՝ դասական մեծ համերգ՝ միջազգային հավաքական նվագախմբի կատարմամբ։

«Այս օրերին հաճախ է լսվում այն կարծիքը, որ չի վերածվում արդյոք 100-ամյակը զուտ միջոցառումների, բայց պետք է ընդունենք, որ և՛ քաղաքական քայլերը, և՛ ծրագրերը, որոնք կապված են ճանաչման հետ, դատապարտման հետ, ժխտողականության դեմ պայքարի հետ, դրանք էլ են միջոցառում նախատեսում, միջոցառումն անպայման չի, որ համերգային ծրագիր լինի», - ասաց Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG