ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել փաստաբան, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի փոխնախագահ Գունայ Իսմայիլովայի անվտանգությունը։
Իսմայիլովան հունվարի 26-ին Բաքվում՝ իր տան մուտքի մոտ հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից։ Իսմայիլովան, ով լուրջ վնասվածքներ չի ստացել, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
«Իշխանությունները պետք է արագ և մանրազնին հետաքննություն անցկացնեն այս հարձակման գործով և ապահովեն Իսմայիլովայի անվտանգությունը։ Մամուլի փաստաբանները կարևորագույն դերակատարություն ունեն մեդիայի ներկայացուցիչների պաշտպանության հարցում»,- հայտարարել է Միյատովիչը։
ԵԱՀԿ-ի մամուլի հարցերով ներկայացուցիչը կրկին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մամուլի ազատության շարունակական վատթարացման կապակցությամբ։ Նա ևս մեկ անգամ կոչ է արել ազատ արձակել անազատության մեջ գտնվող լրագրողներին և ազատ մամուլի ջատագովներին, այդ թվում՝ Խադիջա Իսմայիլովային, Ռասուլ Ջաֆարովին և այլոց։