Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Բաքվում ԱՄՆ նոր դեսպանատուն կառուցելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ ավելի վաղ ստորագրած պայմանագրից: Դա տեղի է ունեցել 2013 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Վաշինգտոնի հնչեցրած քննադատությունից անմիջապես հետո: Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է անանուն դիվանագետը:
Դրանից հետո՝ 2014 թվականի փետրվարին, պետքարտուղար Ջոն Քերին Իլհամ Ալիևին նամակ էր հղել և համագործակցության կոչ արել: Գործակալությունը գրում է, որ դեսպանությունը վաղուց նոր շենքի կարիք ունի, իսկ 100 տարի առաջ կառուցված շենքը, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ դեսպանությունը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին:
«Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խափանել է նոր շենք ունենալու դեսպանատան ջանքերը», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2014 թվականի մարտ-ապրիլ ամիսների հաշվետվությունում:
«2013 թվականի ընտրությունների և քաղաքացիական հասարակության ոլորտում օրենսդրության խստացման վերաբերյալ ԱՄՆ-ի քննադատությունը զայրացրել է Ալիևի վարչակազմին», - նույն աղբյուրի խոսքերն է մեջբերում «Թուրանը»:
Միևնույն ժամանակ, Պետդեպի հաշվետվությունում նշված է, որ չնայած «ավտորիտարիզմի մտահոգիչ միտումներին և քաղաքացիական հասարակության ճնշումներին, Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանում ԱՄՆ կարևոր գործընկերը»:
«Չնայած Ադրբեջանը տնտեսական բարեփոխումների ոլորտում առաջընթաց է գրանցել, սակայն այլ ոլորտներում լուրջ խնդիրներ կան, առաջին հերթին՝ քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների», - ասվում է փաստաթղթում: