Գեդաբեկի շրջանի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի՝ հայկական կողմից գնդակոծության արդյունքում երեք ադրբեջանցի զինծառայող է զոհվել, Haqqin.az ինտերնետային պարբերականին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Ըստ տեղեկատվության՝ ականանետից արձակված ականը ընկել է ադրբեջանական բլինդաժը, որում գտնվող զինծառայողները զոհվել են:
Ադրբեջանական կայքը, վկայակոչելով բլոգերների գրառումները սոցցանցերում, հրապարակել է զոհվածների անունները, նրանցից մեկը ենթասպա է: Վիրավորված են նաև մի կապիտան և մի ենթասպա:
Ադրբեջանական աղբյուրները չեն հայտնում կոնկրետ օրը, երբ տեղի են ունեցել այս իրադարձությունները:
Թեև Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե հայկական կողմը նույնպես «նշանակալի կորուստներ» ունի, Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը, հիշեցնենք, առավոտյան հայտնեց, որ անցած գիշեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ:
Վերջին շրջանում Բաքուն հետևողականորեն հերքում էր դիվերսիայի փորձերի և դրանց կասեցման ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կրած մեծաթիվ կորուստների մասին հայկական կողմի հաղորդումները: Հայկական կողմի հավաստմամբ՝ նման տեղեկատվության հրապարակումը կասեցվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից: