Մատչելիության հղումներ

Դոնբասի անջատականները ցանկանում են գրավել ամբողջ շրջանը


Դոնբասի անջատականները ցանկանում են գրավել ամբողջ շրջանը
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

Կիևը պնդում է, որ Ուկրաինան կա և կմնա միասնական։

«Մեր կողմից էլ չեն լինի հրադադարի առաջարկներ»

Դոնբասի ռուս անջատականները պնդում են, որ այլևս չեն բանակցելու Կիևի ներկայացուցիչների հետ և հսկողության տակ են առնելու ամբողջ շրջանը։

«Մենք ընդարձակելու ենք մեր առաջխաղացումը ընդհուպ մինչև Դոնեցկի շրջանի սահմաններ»,- այսօր հայտարարել է անջատականների ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն և ավելացրել.- «Հակառակորդի կողմից ցանկացած վտանգ տեսնելու դեպքում մենք այն անմիջապես կոչնչացնենք։ Մեր կողմից էլ չեն լինի հրադադարի հարցով բանակցությունների առաջարկներ»։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարար Էդուարդ Բասուրինն այսօր խոսել է ռուս անջատականների կրած կորուստների մասին։

«Այսօր մեր աշխարհազորայիններն ամենամեծ կորուստներն են կրել, զոհվել է 24 մարդ, 30-ը վիրավորվել է, թշնամու զոհերի և վիրավորների թիվը մինչև 50 է, նրանք կորցրել են 3 հրասայլ, երկու թնդանոթ և 4 զրահամեքենա»,- ասել է Բասուրինը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է երեկ Դոնեցկում ավտոբուսի կանգառի հրետակոծումը, որի հետևանքով սպանվել է առնվազն 13 մարդ և մոտ 20 մարդ վիրավորվել է։ Կիևը և ռուս անջատականները միմյանց են մեղադրում կանգառի հրետակոծման համար։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել անցկացնել անաչառ հետաքննություն և բացահայտել մեղավորներին։

Բռնությունների համար հիմնական պատասխանատուն ռուսական կողմն է

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին հաղորդել է, որ միջադեպը հետաքննում է ԵԱՀԿ-ն։ Պսակիի խոսքերով, այդ ծանր միջադեպը վկայում է ուկրաինական բանակի և ռուս անջատականների շփման գծում անվտանգության գոտի սահմանելու անհրաժեշտության մասին, որի շուրջ հունվարի 21-ին Բեռլինում համաձայնության են եկել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները։

Պսակին ասել է, որ Ուկրաինան ունի իր տարածքը պաշտպանելու ինքնիշխան իրավունք։ Նրա խոսքերով, Ուկրաինայում բռնությունների համար պատասխանատվության հիմնական բաժինը Ռուսաստանն ու ռուս անջատականներն են կրում։

«Թշնամու ատամները կփշրենք»

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կառավարության նիստում ասել է, որ բնակչության տառապանքներին վերջ տալու համար անհրաժեշտ է, որ անջատականները դադարեցնեն իրենց գրոհները։

«Եթե թշնամին չի կատարում հրադադարի պահանջները և դրանով կանխում ուկրաինական ավանների ու գյուղերի բնակիչների մահը, ապա մենք նրա ատամները կփշրենք»,- ասել է Պորոշենկոն։

Նրա հավաստիացմամբ, Ուկրաինան կա և կմնա միացյալ երկիր, Կիևում կենտրոնացած հզոր իշխանությամբ, երկիր, որն ընտրել է եվրոպական ինտեգրման ուղին։

«Մեղավոր են Կիևում հանցավոր հրամաններ արձակողները»

Այսօր ուկրաինական զարգացումների մասին է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերով, Արևելյան Ուկրաինայում ռազմական վիճակի սրման համար մեղավոր են նրանք, ովքեր հանցավոր հրամաններ են արձակում։

Պուտինն ասել է, որ Կիևը չի արձագանքել ծանր տեխնիկան շփման գծից հետ քաշելու մասին Կրեմլի առաջարկին։

«Դժբախտաբար, մենք հակառակն ենք տեսնում` Կիևի իշխանությունը տվել է շփման գծի ամբողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություն սկսելու հրաման»,- ասել է Պուտինը։

Սպանվել է ավելի քան 5 հազար մարդ

ՄԱԿ-ի տվյալներով, անցյալ տարվա ապրիլից Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում սկսված մարտական գործողությունների ընթացքում սպանվել է ավելի քան 5 հազար մարդ, ընդ որում, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Միայն անցած 9-ն օրում Ուկրաինայի արևելքում 262 մարդ է սպանվել։

XS
SM
MD
LG