Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել է Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբեյալ:
«Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, ՀՀ կողմից ձեռնարկված և նախատեսվող քայլերը: Պատվիրակության անդամները ներկայացրին իրենց բնագավառներին վերաբերող իրավիճակը, կատարված ու նախատեսված աշխատանքները»,- հայտնում է Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությունը։
Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից բարձրացված գրավոր ու բանավոր հարցերին, ինչպես նաև անդրադարձել է ներկայացված այլընտրանքային զեկույցներում բարձրացված խնդիրներին:
Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի զեկույցի շրջանակներում ելույթ են ունեցել 71 երկրների ներկայացուցիչներ: Զեկույցի քննարկմանը կհաջորդի երկրների կողմից ներկայացված առաջարկությունների և զեկույցի ընդունումը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի առաջին դիտարկումն իրականացվել է 2010թ.: Զեկույցը ներկայացվում է 4,5 տարի պարբերականությամբ: