Երեկ և անցած գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
«Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982 թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973 թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ զորակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: