Մատչելիության հղումներ

Նախագահի ցավակցական խոսքը փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ։

«Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց»,- ասված է նախագահի ցավակցական խոսում։

«Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին: Ճիշտ է՝ ցավակցությունները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը, և հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ: Պիտի ուժ ու տոկունություն գտնել: Ապրելու ուրիշ բանաձև չկա: Պիտի շարունակել ապրել և արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»,- ասված է ուղերձում։

Երեխայի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, խորին ցավակցություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Այսօր ժամը 17-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը։ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքից կենդանի էր մնացել միայն նա։ Իրավապահները փոքրիկին հայտնաբերել էին վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG