Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, 102-րդ ռազմաբազայում պետք է հայեր ծառայեն


Ռազմական հարցերով փորձագետ, Ռուսաստանի ԱՊՀ հարցերով ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանությունից հետո ռուսական 102-րդ ռազմաբազայում անհրաժեշտ են փոփոխություններ:

«Կարծում եմ Ռուսաստանը նախ պետք է հրաժարվի այդ բազայում զինակոչիկների օգտագործումից: Երկրորդ՝ կարծում եմ պայմանագրային զինծառայողները պետք է լինեն հայեր: Այժմ օրենքը դա թույլ է տալիս», - «Ազատություն» TV-ի եթերում կիրակի օրը կարծիք հայտնեց փորձագետը:

Ինչ վերաբերում է տեղի ունեցած ոճրագործությանը և այդ գործով կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վլադիմիր Պերմյակովին, ըստ Եվսեևի այստեղ բազմաթիվ հարցեր կան․ - «Հնարավոր է, որ իսկապես հանցագործությունը նա չի կատարել կամ միայնակ չի եղել: Հնարավոր է, որ նա ինչ-որ համախոհներ է ունեցել կամ գործել է որևէ մեկի պատվերով: Այդ տարբերակը հնարավոր է, քանի որ ինչ-որ շատ տարօրինակ է այս ամենը: Մարդը հանցագործություն է կատարում և թողնում է իր կոշիկը, որտեղ գրված է, թե նա ով է: Եթե նա մտադիր է փախուստի դիմել սահմանը հատելով, ինչո՞ւ է դեն նետում իր ավտոմատը և փամփշտակալ, որը փամփուշտներով է»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ ռուս սահմանապահները այդ զինվորին չեն հանձնել Հայաստանի իրավապահներին, Եվսեևը նշում է․ - «Հավանաբար դեր է խաղացել այն փաստը, որ նա, ամեն դեպքում, ռուս զինծառայող է և դրա համար նրան հանձնել են ռուսական բազային: Եթե, ենթադրենք, կան որոշակի պայմանավորվածություններ, ապա դրանք լինում են թե՛ գրավոր, թե՛ բանավոր: Ես կարծում եմ այս հարցը հավելյալ մշակման կարիք ունի, որը պետք է համաձայնեցվի ոչ միայն հատուկ ծառայությունների մակարդակով: Ամենայն հավանականությամբ այստեղ պետք է հստակեցվի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի հարցը և կարծում եմ այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն: Կոնկրետ այս դեպքում կարծում եմ ճիշտ կլիներ, որ նրան դատեին համատեղ՝ Հայաստանի տարածքում, բայց ոչ թե բազայում, այլ թերևս կայազորի արտագնա նիստ հրավիրեին հայաստանյան դատարանի տարածքում, դա ճիշտ կլիներ»:

Իրականում նման որոշումը, փորձագետի կարծիքով, ընդունվելու է ամենաբարձր մակարդակով, քանի որ սա արդեն քաղաքական հարց է դարձել:

«Ռուսաստանը պատրաստ է համագործակցել և կհամագործակցի», - ասում է Եվսեևը:

Գյումրիում և Երևանում անցած բողոքի ցույցերից հետո ռուսաստանյան մամուլում կարծիքներ են հնչում, որ ռուսական 102-րդ ռազմաբազան միայն Հայաստանին է անհրաժեշտ, քանի որ հայերին պաշտպանում է թուրքերից: Մինչդեռ, Եվսեևի համոզմամբ, բազան ռազմավարական մեծ նշանակություն ունի հենց Ռուսաստանի համար․ - «Հաշվի առնելով Հայաստանի դիրքը՝ այն մոտ է Մերձավոր և Միջին Արևելքին, լիովին պարզ է, որ այդ բազան Ռուսաստանի համար խիստ կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի և Ռուսաստանը կցանկանար պահպանել այդ բազան»:

Բացի այդ, ըստ նրա, բազայի առկայությունը Ռուսաստանին թույլ է տալիս ավելի վստահորեն գործել, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերություններում:

«Այդ հարաբերությունները, չնայած բարելավվում են, սակայն կողմերը շարունակում են մնալ տարածաշրջանային մրցակիցներ», - նշում է Եվսեևը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Կիրակնօրյա վերլուծականի՝ ստորև տեղադրված տեսագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG