Մատչելիության հղումներ

Ոստիկանապետ. Նշանակություն չունի՝ ով է բռնել Պերմյակովին


Ոստիկանապետը անդրադարձել է Գյումրու դեպքերին
please wait

No media source currently available

0:00 0:05:28 0:00

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հանգամանքների կապակցությամբ:

Ոստիկանապետը նաև նշեց, թե ռուս զինծառայողների հետ զուգահեռաբար հայկական կողմը ևս զբաղված է եղել Պերմյակովի հայտնաբերմամբ։ Նա ուշագրավ մի հանգամանք ներկայացրեց այդ օրը հայ իրավապահների կատարած որոնողական աշխատանքից:

«Մենք, անկեղծ ասեմ, դեպքից մի 2 ժամ առաջ ինֆորմացիա ստացել էինք, ու 35 հոգանոց խումբը գնացել էր, մի հատվածը նայել էր: Եվս մեկ անգամ զգուշացրել էինք տեղերում, որ ուշադիր եղեք: Հիմա ինչքան էլ հանգստացնում էինք հասարակությանը, որ հանգիստ եղեք, զենք չկա մոտը, որ խուճապը դադարեցնեն, որովհետև դա խանգարում էր մեր աշխատանքներին, չնայած մենք արդեն զորամասերը ստուգել էինք, արդեն մենք համոզված էինք, որ ոչինչ չի պակասում, բայց մենակ Աստված գիտի՝ սատանան ինչ է մտածում», - ասաց ոստիկանապետը:

«Մենք մեր հասարակությանը խաղաղեցրեցինք, որ վտանգավոր բան չկա, որ չխանգարեն, բայց ով գիտի ինչ կար նրա մոտ», - ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցի նա հայտարարեց, թե ամենևին էլ նշանակություն չունի, թե ով է հայտնաբերել ու ձերբակալել Գյումրիի սպանդի մեջ կասկածվող ռուս զինծառայողին: Ըստ ոստիկանապետի, կարևորն այն էր, որ Վալերի Պերմյակովը չի հասցրել փախչել:

«Նշանակություն չունի՝ ով է բռնել», - ասաց ոստիկանապետը

«Ազատության» հարցին, թե, այդուհանդերձ, եթե Հայաստանի ոստիկանությունը Վալերի Պերմյակովի ձերբակալությունից 2 ժամ առաջ ռուս զինծառայողներից տեղեկություններ էր ստացել նրա գտնվելու հավանական վայրի մասին, ինչո՞ւ հենց իրենք չհայտնաբերեցին նրան, Գասպարյանն արձագանքեց․ - «Իհարկե մեզ համար հասկանալի և ընկալելի էր, և մենք ստեղծել էինք այնպիսի իրավիճակ ու որոշակի կանխատեսում էլ ունեինք՝ հնարավոր տասնյակ տարբերակներից, որ նա սահման պետք է ձգտի գնա։ Մտածելով, որ ինչ-որ մի տեղանք կարող է իմանալ»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ոստիկանապետն անդրադարձավ նաև Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու պահանջով օրեր առաջ Գյումրիում ու Երևանում անցկացված բողոքի ակցիաներին։ Հակադարձելով մեղադրանքներին, թե ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ՝ Գասպարյանը արդարացրեց ոստիկանների գործողությունները:

«Շատ ճիշտ գործողություններ ենք արել, դա կոչվում է մեր լեզվով կանխարգելիչ գործողություններ: Մենք ունենք կոնկրետ ահազանգ քաղաքացուց ստացված, որ զինված մարդ կա էնտեղ: Այո, նման դեպքերում ես՝ որպես ոստիկանապետ, հրահանգում եմ անմիջապես կասեցնել և բոլորին բերման ենթարկել: Այո, ես ցուցում եմ տվել, որ բոլորին հավաքեն այդտեղից, ավելին, ես կարծում եմ, որ մենք դրանով կանխեցինք երևույթներ», - ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ, Գյումրիում ինքնաբուխ ակցիայի ժամանակ առանձին անձանց կողմից կատարված գործողությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով:

Ինչ վերաբերում է Երևանի Ազատության հրապարակում երկու օր առաջ տեղի ունեցած ակցիային, որից հետո մասնակիցներից ոմանց բերման ենթարկեցին, ապա, ոստիկանապետի խոսքով, դա ևս արդարացված էր:

«Երկու զենք, եթե նույնիսկ օրինական է, եթե նույնիսկ օրինական է, չի կարելի վերցնել և մտնել ժողովրդի մեջ: Երբ դու էդ ատրճանակը հանում ես, էն մյուսը չգիտի, որ դա գազային է, բա որ հանկարծ ոստիկանի վրա հանի այդ ատրճանակը և տեղում գնդակահարվի», - մեկնաբանեց Գասպարյանը:

Նա կարծում է, որ քննությունը շատ հարցերի պատասխաններ կտա, մասնավորապես այն մասին, թե արդյոք Պերմյակովը հանցակիցներ ունեցել է, թե ոչ, ինչու է նրա կոշիկը դեպքի վայրում մնացել,ինչպես է հասել Ավետիսյանների տուն և այլն։

Թե Հայաստանի ոստիկանապետը, և թե պաշտպանության նախարարը սպասում են նախաքննության արդյունքներին։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում միայն հույս հայտնեց, որ մեղավորը խիստ պատիժ կստանա։ Գյումրիի դեպքի վերաբերյալ այլ մեկնաբանություն նա չարեց։

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն էլ շեշտեց, թե պետք չէ ռուսական ռազմաբազայի առկայությունը կապել ռուս զինծառայողի կատարած հանցագործության հետ։ Նա շեշտեց, որ ռազմաբազան հարկավոր է Հայաստանին, բայց և Պերմյակովին պետք է դատել Հայաստանում:

«Մեր օրենքներով պետք է շարժվել, էդ օրենքներով ինքը պետք է մեր տարածքում դատվի, ոնց որ մեր քաղաքացին, ում խալաթ են հագցնում ու սկսում են դատել», - նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը, ում կարծիքով անմեղ ընտանիքի սպանության մեջ մեղադրվողը լավ կլինի դուրս բերվի Հայաստանից․ «չարժե նրան մեր հարկատուների հաշվին այստեղ պահել»:

Տեր-Թադևոսյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձան նաև սահմանային լարված իրավիճակին:

«Մեր հարևանները իրենց որդեգրած գործողությունների ձևերից չեն ուզում հետ մնալ, ուզում են անընդհատ լարվածություն ստեծղել շփման գծում», - ասաց նախարարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հայկական կողմը ղարաբաղյան հակամակարտության լուծման միակ տարբերակը համարում է խաղաղ բանակցությունները։

«Այս պարագայում, եթե միջազգային կառույցների խոսքը ազդեցություն չի գործում մեր հակառակորդի վրա, միակ զսպման մեխանիզմը դա զինված ուժերի գործողություններն են, որոնք, եթե լարվածությունը պահպանվի, խիստ կերպով շարունակական են լինելու նաև 2015-ին», - ասաց նախարարը:

Խոսելով օրեր առաջ ԵԱՀԿ Միսկի խմբի դիտորդական առաքելության ուղղությամբ հնչած կրակոցի պատճառով ընդհատված մոնիթորինգի մասին՝ Օհանյանն ընդգծեց․ - «Ադրբեջանական կողմից խախտումները ևս մեկ անգամ փաստում են, որ դահատուկ են անում, որ լարվածությունը շարունակական լինի ու փորձեն այդ կերպ ինչ-որ փոփոխություններ մտցնել հակամարտւթյան լուծման գործընթացում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG