Մատչելիության հղումներ

ՕԵԿ․ Հակառուսական կոչերին տուրք տալը, կարող է բացասական հետևանքներ ունենալ


«Օրինաց երկիր» կուսակցությունը կիսել է հանրության վրդովմունքը և իրավապահ մարմիններից պահանջել իրականացնել բազմակողմանի քննություն՝ «բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու Գյումրիի ոճրագործության բոլոր մեղավորներին»։

«Կուսակցությունը իրավապահ մարմիններին կոչ է անում ցանկացած դեպքում խուսափել իրենց արդարացի պահանջները բարձրաձայնող մարդկանց նկատմամբ ուժի կիրառումից, իսկ Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն, համբերատարություն, ցանկացած գործողություն իրականացնել օրինականության և սահմանադրական կարգի շրջանակներում կրկին իրավիճակի անկայունացում թույլ չտալու համար», - ասված է կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Կուսակցությունը նաև իշխանություններից պահանջել է համապատասխան միջոցներ ձեռնարկել Գյումրիում լարված հասարակական մթնոլորտը հանդարտեցնելու ուղղությամբ:

«Կուսակցությունը կոչ է անում նաև Ռուսաստանի պատկան մարմիններին ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ Գյումրիի 102-րդ ռազմակայանում կարգուկանոնի բարձրացման ուղղությամբ հետագայում որևէ այլ ողբերգություն կամ հանցագործություն թույլ չտալու համար, և պատժել բոլոր նրանց, նաև ում ծառայողական անփությության և անգործության հետևանքով այդ ոճրագործությունը տեղի ունեցավ», - ասված է հաղորդագրությունում:

ՕԵԿ-ը ընդգծել է, որ «ողբերգության շահարկումները և այն բոլորովին այլ հարթություն տեղափոխելը, ինչպես նաև հակառուսական տրամադրություններին և կոչերին տուրք տալը, կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության վրա, ինչը չի բխում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության բովանդակությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG