Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն կոչ է արել գլխավոր դատախազին՝ «հակասական հայտարարություններով չսրել իրավիճակը»


Այսօր վաղ առավոտյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում ստեղծված իրավիճակը:

Որոշվել է ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի Գյումրի գործուղելու համար:

ԲՀԿ-ի հրապարակած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է որ կուսակցության նախագահը և նիստի մասնակիցները բարձր են գնահատել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի պահվածքը` Գյումրիում իրավիճակը կայունացնելու, դժվար պահին սառնասիրտ որոշումների և ժողովրդի կողքին լինելու համար:

ԲՀԿ խմբակցությունը և քաղխորհուրդը կոչ են արել գյումրեցիներին և ոստիկանությանը զսպվածություն ցուցաբերել, ՀՀ դատախազության ղեկավարությանը, այդ թվում՝ Գլխավոր դատախազին` «իրարամերժ և հակասական հայտարարություններով չսրել իրավիճակը», ՀՀ իշխանություններին՝ գործել ՀՀ քաղաքացիների շահերի և իրավունքների և Հայաստանի Հանրապետության արժանապատվության դիրքերից և չմնալ պասիվ դիտորդի դերում, Հայաստանի ժողովրդին` տուրք չտալ հակառուսական տրամադրություններին և կոչերին:

«ԲՀԿ քաղխորհուրդը և խմբակցությունը ակնկալում են, որ Ռուսաստանի քաղաքական և ռազմական իշխանությունները, քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոնների համաձայն, կոշտ գնահատական կտան կատարված անմարդկային ոճրագործությանը, կձեռնարկեն գործուն քայլեր՝ Գյումրիի ռազմակայանի կարգուկանոնի էական բարձրացման ուղղությամբ, կպատժեն բոլոր մեղավորներին, ում թողտվությամբ կամ անգործության պատճառով հնարավոր եղավ նման աննախադեպ ողբերգությունը, չեն խոչընդոտի ՀՀ օրենքների շրջանակներում գործի քննությանը, հանցագործի արդարացի պատժի իրականացմանը, չեն խոչընդոտի անաչառ տեղեկատվության տարածմանը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մթնոլորտը հանդարտեցնելու համար», - նաև ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG