Այսօր Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ցուցարարներ են բերման ենթարկվել:
«Տասնյակից ավելի մարդիկ գտնվում են արգելանքի տակ», - փոխանցեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Հիմա 13 ձերբակալված կա: Ես հիմա գնում եմ դատախազի մոտ և միջնորդելու եմ, որպեսզի ձերբակալվածները ազատ արձակվեն», - դատախազության շենքի մոտ հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Նա կոչ արեց ցուցարարներին հեռանալ դատախազության շենքի մոտից: Որոշ ցուցարարներ հեռացան, սակայն նրանց մի մասը շարունակում է սպասել մինչև տեղեկություններ ստանա Վալերի Պերմյակովի՝ Հայաստանում գտնվելու մասին:
«Ազատության» տեղեկություններով բերման ենթարկվածներից երկուսն ազատ են արձակվել: