Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ:
Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը տեղեկացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ռուսական 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են:
«Բանակի գեներալ Արկադի Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան իրավապահ մարմինները, փոխանցում է հաղորդագրությունը։