Հեյդար Ալիևի արձանը` գլխացավանք Մեքսիկայի իշխանությունների համար․ ամերիկյան Fusion.net ինտերնետային պարբերականը անդրադառնում է կոմունիստական առաջնորդի արձանի աղմկահարույց պատմությանը:
«Ի՞նչ գործ ունի Ադրբեջանի նախկին բռնապետի արձանը Մեխիկոյում» վերնագրված հոդվածի հեղինակ Ռաֆայել Ֆերնանդես դե Կաստրոն հիշեցնում է, որ Ադրբեջանի նախկին ղեկավարի արձանը Մեքսիկայի կառավարությանը նվիրվել է 2012 թվականին: Երկու տարվա ընթացքում տեղի իշխանությունները փորձում են տեղ գտնել այդ արձանի համար, սակայն դեռևս չի հաջողվում:
«Արձանը գլխացավանք է դարձել մեքսիկացի պաշտոնյաների համար, ովքեր հույս ունեն, որ այն տեղից տեղ տանելով՝ կգտնեն մի վայր, որտեղ ոչ ոք չի նկատի», - գրում է հոդվածի հեղինակը:
«Ձեզ ծանոթ կլինի իրավիճակը, երբ հեռավոր մի ազգական ձեզ նվիրում է առանձնահատուկ տգեղության արվեստի գործ, որը չեք կարող դեն նետել, բայց չեք էլ ցանկանում տեղադրել տեսանելի մի վայրում՝ վտանգի տակ դնելով ձեր իսկ հոգեկան վիճակը», - համեմատում է հոդվածագիրը և շարունակում․ - «Մեքսիկան հայտնվել է հենց նման իրավիճակում՝ շնորհիվ Ադրբեջանի խորհրդային շրջանի առաջնորդ Հեյդար Ալիևի՝ իշխող տեսքով արձանի»:
Թերթը հիշեցնում է նաև, որ արձանը նախ տեղադրվել էր մի այգում, սակայն կարճ ժամանակ անց հանվեց, երբ մի խումբ քաղաքացիներ դժգոհության ալիք բարձրացրեցին․ - «Նրանց կարծիքով՝ այդ արձանը փառավորում է խորհրդային բռնապետի ժառանգությունը: Նրանք նշում են, որ 2003 թվականին մահացած Ադրբեջանի նախկին ղեկավարը հայտնի էր երկրում մարդու իրավունքների խախտումներով, լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներով և իր երկաթյա բռունցքով սեփական անձի պաշտամունքի խթանմամբ»:
Արձանը այգուց տեղափոխվեց պահեստ, ինչին հաջորդեցին ադրբեջանական կողմի սպառնալիքները՝ չեղյալ հայտարարել խոստացված 4 միլիարդ դոլարի ներդրումը, խզել դիվանագիտական կապերը:
Թերթը ներկայացնում է վերջին զարգացումները Ալիևի արձանի շուրջ: Մեխիկոյի նոր քաղաքապետին թվում է, թե ինքը նոր լուծում է գտել․ քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտարարեց, որ քաղաքապետարանը Ադրբեջանի կառավարությանը կտա մի շինություն քաղաքի հարուստ թաղամասերից մեկում, որտեղ արձանն իր ամբողջ շուքով կարող է իր տեղը գտնել:
Լրագրողը, սակայն, շտապում է հիշեցնել քաղաքապետին, որ քաղաքի վարչակազմը լիազորված չէ օտարերկրյա կառավարությանը տարածք հանձնել առանց արտգործնախարարության թույլտվության:
«Միևնույն ժամանակ, ակտիվիստները, ովքեր պայքարեցին արձանը առաջին տեղից հանելու համար, շարունակում են պայքարել, որպեսզի այլանդակված արձանի հիմքից հեռացվի մարմարյա քարտեզը, որի վրա Հայաստանի հետ վիճարկվող տարածքը շնորհված է Ադրբեջանին», - ամփոփում է հոդվածագիրը: