Մատչելիության հղումներ

Քրգործ՝ սահմանագոտում հայ գյուղացու սպանության փորձի փաստով


Քննչական կոմիտեի Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Պառավաքար գյուղի 43-ամյա բնակչի նկատմամբ ադրբեջանական տարածքից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

2015 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող ադրբեջանական «Ալենի բուտկա» կոչվող հենակետից, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ, սպանություն կատարելու նպատակով կրակոցներ են արձակվել վառելափայտ հավաքելու նպատակով Տավուշի մարզի Պառավաքար գյուղին պատկանող «Ծատուրանց ձոր» կոչվող հանդամաս մեկնած նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Ալբերտ Զոհրաբյանի ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով հայ գյուղացուն պատկանող «Վազ 2121» մակնիշի 34 AD 169 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Դեպքի առթիվ Բերդի քննչական բաժնում երեկ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձի և և նույն շարժառիթով գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով:

Ալբերտ Զոհրաբյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ դեպքի վայրում առայժմ հնարավոր չի եղել զննություն կատարել, քանի որ տարածքում չեն դադարում հակառակորդի կողմից արձակվող կրակոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG